Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Առևտրային կազմակերպություններ՝ տարա
Տարան ապրանքների տեղավորման համար նախատեսված արդյունաբերական արտադրանք է, որը պաշտպանում է ապրանքները փչացումից, կորստից, շրջակա միջավայրի աղտոտումից և ապահովում շրջանառության գործընթացի իրականացումը:
Տարան այն բազմաֆունկցիոնալ ապրանքատեսակն է, որը ժամանակակից պայմաններում ձեռք է բերել  առանձնահատուկ նշանակություն ոչ միայն որպես ապրանքների պահպանման, տեղափոխման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոց, այլև հանդես է գալիս որպես գովազդի, տեղեկատվության աղբյուր` նպաստելով ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացմանն ու որակական բարելավմանը:
Տարան կարևոր դեր է խաղում առևտրատեխնոլոգիական գործընթացում, քանի որ տարայի օգտագործումը հնարավորություն է տալիս`
	պահպանել ապրանքն արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունիղ, ինչպես նաև պաշտպանել արտաքին միջավայրը` ապրանքների վնասակար ազդեցությունից,
	պաշտպանել ապրանքն այլ ապրանքների ազդեցությունից,
	ապահովել ապրանքների քանակական և որակական պահպանումն ապրանքաշարժի ամբողջ գործընթացում,
	մեքենայացնել բեռնման-բեռնաթափման աշխատանքները, ավելի արդյունավետ օգտագործել առևտրական և պահեստային տարածքները,
	բեռների փոխադրման ժամանակ արդյունավետ օգտագործել տրանսպորտային միջոցները,
	ստեղծել առավել բարենպաստ պայմաններ ապրանքների քանակական և որակական ընդունման և հաշվառման համար,
	տարածել առևտրային տեղեկատվություն:
	Հետևաբար, ժամանակակից տարաների օգտագործումը, դրանց գեղեցիկ ձևավորումը և անհրաժեշտ գովազդային տեղեկատվությամբ ապահովումը նպաստում են ապրանքների շրջանառության գործընթացի ռացիոնալ կազմակերպմանը, խանութի տնտեսական ցուցանիշների բարելավմանը, սպասարկման որակի բարձրացումը; 
	Առևտրական կազմակերպություններում օգտագործվող տարային ներկայացվում են տնտեսական, տեխնիկական, սանիտարահիգիենիկ և գեղագիտական պահանջներ: Ընդ որում` պատրաստման առումով տարան չպետք է թանկ լինի, տարայի և դրանում տեղավորվող ապրանքների քաշերի հարաբերակցության գործակիցը պետք է լինի փոքր: 
	Տեխնիկական պահանջներից են` տարայի պատրաստման համար օգտագործվող նյութերի համապատասխանությունը ապրանքների ֆիզիկաքիմիական հատկություններին, տարայի ամրությանը: 
	Տարան պետք է ունենա գրավիչ տեսք, իսկ վրան եղած նկարները, տեքստերը պետք է ծառայեն գնորդների գեղագիտական դաստիարակմանը:
	Շրջանառու միջոց հանդիսացող տարան դասակարգվում է ըստ տարբեր հատկանիշների, որոնցից հիմնականներն են`
1.	ապրանքների շրջանառության գործընթացում իրականացվող գործառնությունները,
2.	պատրաստման նյութը,
3.	ամրության աստիճանը,
4.	նշանակումը,
5.	շրջանառելիությունը,
6.	պատկանելությունը,
7.	կառուցվածքը,
8.	պատրաստման եղանակը:
	Ապրանքների շրջանառության գործընթացում իրականացվող գործառույթներով տարան բաժանվում է հետևյալ տեսակների տրնսպորտային, սպառողական և տարա-սարքավորումների:
	Տրանսպորտային տարան կիրառվում է ապրանքների փոխադրման և պահպանման ժամանակ` արկղեր, տակառներ, պարկեր:
	Սպառողական տարան անցնում է սպառողին ապրանքի հետ միասին և չի կատարում տրանսպորտային տարայի գործառույթ` շշեր, բանկաներ, տուփեր: Դրանց արժեքը ներառվում է ապրանքի գնի մեջ:
	Տարա-սարքավորումը հարմարանք է, որը նախատեսված է ապրանքների փոխադրման, ժամանակավոր պահպանման, ցուցադրման և վաճառքի կազմակերպման համար: 
	
 
                         