Անհատական Աշխատանք Մասնագիտացված, թե ունիվերսալ բանկ որ ուղղությամբ կգնան ներկայիս բանկերը
Բովանդակություն
Ներածություն
1. Մասնագիտացված բանկի հասկացությունը
2. Ունիվերսալ բանկի հասկացությունը
3. Ո՞ր ուղղությամբ կգնան ներկայիս բանկերը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Գոյություն ունեն բանկի էությունը բնութագրող տարբեր սահմանումներ, որոնք ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են միմյանց, ինչը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմելու վերջինիս վերաբերյալ:
Բանկը հիմնարկություն է, որը կառավարում է դրամական միջոցների հոսքը ակտիվային և պասիվային գործարքների համակարգերի հաշվին: Բանկը ֆինանսավարկային ձեռնարկություն է, որը ավանդների տեսքով կենտրոնացնում է ժամանակավոր ազատ դրամական միջոցները, տրամադրում է դրանք ժամանակավոր օգտագործման վարկի տեսքով, հանդես է գալիս որպես միջնորդ իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխադարձ վճարահաշվարկային գործառնությունների ժամանակ, կարգավորում է դրամաշրջանառությունը երկրում, այդ թվում նոր փողերի էմիսիան:
Բանկը անկախ առևտրային կազմակերպություն է, որը, ինչպես և ցանկացած ձեռնարկություն, ունի իր արտադրանքը: Բանկի արտադրանքը նախ և առաջ վճարամիջոցների ձևավորումն է, ինչպես նաև վարկերի, երաշխիքների, տարատեսակ ծառայությունների մատուցումը: Շուկայական էկոնոմիկայի պայմաններում բանկը ազգային տնտեսությանը լրացուցիչ դրամական ռեսուրսներով ապահովող գլխավոր գործառնական գործիքն է:
Այն վերաբաշխում է դրամական ռեսուրսները դրանց ավելցուկային ոլորտներից դեպի դեֆիցիտային ոլորտներ, միջնորդ է վարկատուների և վարկառուների, վաճառողների և գնորդների միջև դրամական միջոցների շարժի ժամանակ:
Բանկը գործում է փոխանակման ոլորտում. ՙգնում՚ և ՙվաճառում՚ է ռեսուրսները` նպաստելով ապրանքների փոխանակմանը: Իրենց էության միասնականությամբ հանդերձ` բանկերի դասակարգումը ենթադրում է դրանց բաժանում ըստ տարբեր հատկանիշների (չափանիշների):
Աշխատանքիս նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ուսումնասիրությունն է ըստ նրանց գործունեության բնույթի, ինչպես նաև բացահայտել, թե որ հիմնական ուղղությամբ կգնան ՀՀ բանկերը: Աշխատանքը բվաղկացած է ներածությունից, երեք հարցերից, եզրակացությունից և գրականության ցանկից: Հարցերից առաջին երկուսը բնութագրում են մասնագիտացված և ունիվերսալ բանկերի հասկացությունները, իսկ երրորդ հարցով վերլուծվում է ՀՀ-ում գործող բանկերի ուղղվածությունը: Աշխատանքիս կատարման համար օգտագործել եմ արդի մասնագիտական գրականություն: