Անհատական Աշխատանք Խաչատուր Աբովյանի մանկավարժական ժառանգությունը
Բովանդակություն
Ներածություն
Աբովյանի մանկավարժական գործունեությունը
Աբովյանի մանկավարժական երկերը
Կրթության և դաստիարակության հիմքը
Ընտանեկան դաստիարակություն
Կրթությունը և դաստիարակությունը դպրոցում
Մտավոր կրթություն
Բարոյական դաստիարակություն
Վերջաբան
Օգտագործված գրականության ցանկ
Յուրաքանչյուր անձնավորության բարոյական կերպարը ձևավորվում է նրա աշխարհայացքով: Աբովյանի բարոյական հատկանիշները ներդաշնակում են նրա հասարակական ընդհանուր մտայնությանը, որի կենտրոնական իդեալներն էին մարդկայնություն և ժողովրդավարություն: Ինչպես իր ժամանակի ռուս առաջավոր մտածողներ և մանկավարժներ Բելինսկին Ուշինսկին և ուրիշները, այդպես և Աբովյանը մարդկայնության ուղին համարում է ժողովրդայնությունը, որն ընդգրկում է և հայրենիքի գաղափարը: Հայրենասիրությունը և ժողովրդասիրություն կազմում են Աբովյանի էությունը, նրա կյանքի իմաստը, նրա ամեն մի խոսքի ու տողի մեջ ցայտում է բոցավառ սերը դեպի հայրենիքը, նրա բնությունը, նրա անցյալը, պատմական մեծ դեմքերը, նրա սխրագործությունները, թանկարժեք հուշարձանները և կուլտուրական արժեքները` լեզուն, գրականությունը, արվեստը:
Աբովյանի հայրենասիրությունը միանգամայն հեռու է նեղ ազգայնականությունից: Նա խորապես գիտակցում էր հայ ժողովրդի մեջ բուն դրած մի շարք թերություններ, որոնցից ազատվելու հնարավորությունն արդեն ստեղծված էր` խաղաղ տնտեսական ու կուլտուրական զարգացումը ռուսական պետականության պայմաններում: Ինչպես շվեյցարացի ականավոր դեմոկրատ-մանկավարժ Պեստալոցցին, նմանապես Աբովյանը գյուղացիության խեղճությանը, հարուստ իշխանավոր անհատների շահամոլությանը և բռնությանը կուրորեն ենթարկվելը համարում է հետևանք նրա տգիտության և երկու մանկավարժներն էլ գյուղացիության այդ վիճակը մեղմացնելու և թշվառությունից ազատելու ամենաարմատական միջոց միակողմանիորեն համարում են ժողովրդական մասսաների տգիտության փարատումը, լուսավորումը: Ժողովրդի փրկությունը, Աբովյանի կարծիքով, նրա լուսավորության մեջ է: