Անհատական Աշխատանք Մտածողության զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում
Բովանդակություն
Ներածություն
1. Մտածողությունը որպես հոգեբանական գործընթաց
2. Մտածողության զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում
3.Խաղային տեխնոլոգիաների դերը կրտսեր դպրոցականների ստեղծագործական մտածողության զարգացման գործում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Կրտսեր դպրոցական տարիքը անձի կայացման կարևորագույն փուլերից մեկն է, որի ընթացքում տեղի է ունենում անհոգ մանկությունից անցում այնպիսի մի շրջանի, երբ անհրաժեշտություն է ծագում նոր դերեր կրել, պատասխանատու լինել, տարբեր պահանջներ իրականացնել: Այս շրջանում հակասության մեջ են մտնում երկու հիմնական դրդապատճառ` անհրաժեշտության և ցանկության:
Մի կողմից, առաջնորդվելով անհրաժեշտության պահանջմունքով, երեխան բացահայտում է հասուն կյանքը, իսկ մյուս կողմից, դրդված լինելով ցանկության պահանջմունքով, երեխան ցուցաբերում է այնպիսի վարք, որը վերադարձնում է իրեն մանկության աշխարհ, որտեղ ամենը ապահով է, ծանոթ, իրականանալի, չկան որոշակի պարտականություններ և պահանջներ: Մի կողմից, երեխան իմպուլսիվ է, անհանգիստ, ունի ոչ կայուն ուշադրություն, իսկ մյուս կողմից, քանի որ նրա մոտ արդեն ձևավորվում է պահանջմունքների նոր մակարդակ, նա սկսում է գործել, առաջնորդվելով որոշակի նպատակներով, արժեքներով, զգացմունքներով:
Կրտսեր դպրոցականի զարգացման ընթացքում հստակ երևում են զարգացման որակական փոփոխություններ: Երեխայի հոգեկան զարգացման կենտրոնում է հայտնվում կամածինության ձևավորումը /պլանավորում, գործողությունների զարգացման ծրագիր, վերահսկողության իրականացում/:
Սույն աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսանում մտածողության գործընթացի զարգացման ուսումնասիրումը կրտսեր դպրոցական տարիքում: Նպատակի կատարման համար նախ և առաջ ուսումնասիրվել է մտածողությունը որպես հոգեբանական գործընթաց, այնուհետև ներկայացվել է մտածողության զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում, իսկ աշխատանքի երրորդ հարցով վերլուծվում է խաղային տեխնոլոգիաների դերը կրտսեր դպրոցականների ստեղծագործական մտածողության զարգացման գործում:
Աշխատանքի կատարման արդյունքում ստացված եզրահանգումները ամփոփվել են աշխատանքի եզրակացության հատվածում: