Անհատական Աշխատանք Ռենտայի պայմանագրի հասկացությունը և տեսակները
Բովանդակություն
Ներածություն
1. Ռենտայի պայմանագրի հասկացությունը
2. Ռենտայի պայմանագրի տեսակները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Ռենտայի պայմանագիրը նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Քաղաքացիական օրենսգիրքը ռենտային պայմանագրի բնորոշման համար առանձնացրել է գլուխ 32-ը: Ռենտայի պայմանագրի կնքման արդյունքում գույքն օտարողը մշտապես կամ անժամկետ, ինչպես նաև ցմահ ստանում է հատուցում որոշակի դրամական գումարի ձևով կամ բնեղեն:
Ռենտայի պայմանագրով մի կողմը կամ ռենտա ստացողը մյուս կողմին` ռենտա վճարողին, սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի սահմանված գումար:
Ներկայումս ռենտայի պայմանագիրն առավել քիչ գործածվող պայմանգրերի թվին է դասվում: Պատաճառը մի կողմից պայմանգրի վերաբերյալ քաղաքացիների անիրազեկությունն է, մյուս կողմից այն, որ ռենտայի պայմանագիրը հանդիսանում է ռիսկային պայմանագիր: Ռենտայի պայմանագրով մի կողմը՝ ռենտա ստացողը, մյուս կողմին՝ ռենտա վճարողին, սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար: Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ՝ մշտական ռենտա կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում՝ ցմահ ռենտա, վճարելու պարտականություն:
Ռենտայի պայմանագրով ապահովվում է օտարված գույքի օտարողի կողմից կայու և պարբերաբար եկամտի ստացումը, սակայն այն նույնպես կրում է ռիսկ, ինչը կապված է ռենտային վճարումների տևական հարաբերությունների առաջացմամբ: Այս հատկանիշից ելնելով ռենտայի պայմանագիրը դասվում է ռիսկային պայմանագրերի թվին: Միևնույն ժամանակ այն համարվում է ռեալ, քանի որ կնքման անհրաժեշտ պայման է համարվում գույքի հանձնումը ռենտա վճարողին:
Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ (մշտական ռենտա) կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում (ցմահ ռենտա) ռենտա վճարելու պարտականություն: Սույնից էլ առաջանում են ռենտայի պայմանագրի երկու տեսակներ` մշտական ռենտա և ցմահ ռենտա: Սույն տեսակների միջև գոյություն ունեն ընդհանուր շատ բաներ, սակայն առանձին-առանձին դիտարկելիս դրանք բավականին տարբեր են:
1. Ռենտայի պայմանագրի հասկացությունը
Ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, դրանով սեփականության իրավունքի փոխանցումը` պետական գրանցման: Ռենտային առնչվող այս և մնացյալ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխում:
Սկսենք նրանից, թե ինչ է ռենտայի պայմանագիրը: Այս պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա, այսինքն` որոշակի գումար: Ընդ որում` ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ կամ այլ կերպ ասած` մշտական ռենտա, ինչպես նաև ռենտա ստացողի կյանքի ընթացքում ռենտա վճարելու պարտականություն, այլ կերպ ասած` ցմահ ռենտա:
Ռենտայի պայմանագիրը միակողմ է: Սույն պայմանագրով նախատեսվում է, որ ռենտա վճարողը պարտավոր է ստացած գույքի փոխարեն որոշակի դրամական գումար կամ այլ միջոց տրամադրել ռենտա ստացողին:
Ռենտայի պայմանագրի կողմերն անվանվում են ռենտա ստացող և ռենտա վճարող: Ռենտա ստացողն այն կողմն է, ով մյուսին ի սեփականություն է հանձնում գույք, իսկ ռենտա վճարողն այն կողմն է, ով ի սեփականություն ստացած գույքի փոխարեն մյուս կողմից վճարում է դրամական գումար կամ հատուցում է տալիս բնեղենով: Սրանից հետևում է, որ ռենտա ստացողը պետք է լինի օտարվող գույքի սեփականատերը:
Սակայն ռենտայի պայմանագրով կարող է նախատեսվել ռենտա ստացող այլ անձ: Այսինքն, գույքը օտարող անձը կարող է չլինել ռենտա ստացողը. նա որպես այդպիսին ներկայացնում է այլ անձի:
Ռենտայի պայմանագիրը կնքվում է գրավոր` վերոնշյալ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Ռենտայի վճարի դիմաց օտարվող գույքը ռենտա ստացողի կողմից կարող է վճարով կամ անվճար, որպես սեփականություն, հանձնվել ռենտա վճարողին:
Ռենտայի պայմանագրով ժամկետը որոշվում է յուրահատուկ ձևով: Մասնավորապես` պայմանագիրը կարող է կնքվել անժամկետ կամ որոշվել ռենտա ստացողի կյանքի տևողությամբ: Առաջին դեպքում կնքվում է մշտական ռենտայի պայմանագիր, երկրորդ դեպքում` ցմահ ռենտայի պայմանագիր:
Ասվածից հետևում է, որ ռենտայի պայմանագիրը կնքվում է տևական ժամանակահատվածի համար: Այն կնքվում է ռենտա ստացողի կյանքի տևողության ժամկետով կամ անժամկետ և պայմանագրի գոյության ողջ ընթացքում պահանջվում է, որ ռենտա վճարողը պարբերաբար կատարի իր պարտականությունները:
Ռենտայի պայմանագրի առարկա է հանդիսանում սեփականության հանձնվող գույքը, գումարը, դրամական և բնեղեն հատուցումները և ցանկացած այլ իր, որը կարող է տրվել ի սեփականություն ստացված գույքի դիմաց:
Նշենք, որ ռենտան ծանրաբեռնում է հողամասը, շենքը, շինությունը կամ դրա վճարի դիմաց հանձնված այլ անշարժ գույք, իսկ ռենտա վճարողի կողմից այդպիսի գույքն օտարելու դեպքում ռենտայի պայմանագրով նրա պարտավորությունները փոխանցվում են գույքը ձեռք բերողին:
Հողամասը կամ այլ անշարժ գույքը ռենտայի դիմաց հանձնելու դեպքում ռենտա ստացողն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում գրավի իրավունք: Էական է, որ ռենտայի դիմաց դրամական գումարի կամ այլ շարժական գույքի փոխանցում նախատեսող պայմանագրում սահմանվի պայման` պարտավորությունների կատարումն ապահովելու ռենտա վճարողի պարտականության մասին:
Ռենտան վճարվում է դրամով` պայմանագրով սահմանված չափով, սակայն այն կարող է վճարվել նաև դրա դրամական արժեքին համապատասխանող գույք տրամադրելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու միջոցով: Ռենտայի վճարի չափն աճում է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմանը համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ ռենտայի պայմանագրով:
2. Ռենտայի պայմանագրի տեսակները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ռենտայի պայմանագրի երկու տեսակ` մշտական ռենտայի պայմանագիր և ցմահ ռենտայի պայմանագիր: Սույն տեսակները միմյանցից տարբերվում են ապրուստի միջոց տրամադրելու ձևով, նվազագույն չափով, տրամադրման ժամկետներով, պարտավորության սուբյեկտների իրավահաջորդության հնարավորություններով, ռենտայի առարկայի հետ վերցրման և այլ հարցերով:
Մշտական ռենտան անժամկետ է, քանի որ նրանում ռենտայի վճարումը դադարելու ժամկետ չի սահմանվում: Մշտական ռենտայի պայմանագրի կողմերը նույնպես անվանվում են ռենտա ստացող և ռենտա վճարող, որպիսիք կարող են հանդես գալ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձինք:
Մշտական ռենտայի պայմանագրի առարկան ռենտայի դիմաց օտարվող գույքն է, իսկ մյուս կողմից ռենտան, որը վճարվում է գույքն օտարողին: Կնքվող պայմանագրի հարցում սահմանափակումներ չեն գործում: Այդպիսիք կարող են հանդիսանալ հողամասերը, շենքերն ու շինությունները, անշարժ գույքի տարբեր տեսակները:
Մշտական ռենտայի վճարումը կատարվում է դրամով, միևնույն ժամանակ տվյալ դրամական արժեքին համապատասխան գույքով:
Ինչպես մշտական ռենտայի պայմանագրի առարկան գնելը, այնպես էլ ռենտա ստացողի կողմից այն հետ պահանջելը կատարվում է ռենտայի պայմանագրով որոշված գնով: Եթե գույքը մշտական ռենտայի պայմանագրով վճարով հանձնվել է մշտական ռենտայի դիմաց, իսկ պայմանագրում բացակայում է գնման գինը, ապա գույքը հետ է գնվում ռենտայի տարեկան գումարին համապատասխան գին վճարելու միջոցով:
Մշտական ռենտան վճարվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի վերջում, եթե այլ բան նախատեսված չէ մշտական ռենտայի պայմանագրով: Վճարողն իրավունք ունի այն հետ գնել, իսկ մշտական ռենտայի դիմաց անվճար հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է հենց ռենտա վճարողը: Մշտական ռենտայի դիմաց վճարով հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի դեպքում վճարողն իրավունք ունի պահանջել դադարեցնելու ռենտա վճարելու պարտավորությունը կամ փոփոխելու այն վճարելու պայմանները:
Ցմահ ռենտա նշանակվում է մինչև քաղաքացու կյանքի վերջը, որից էլ հետևում է, որ ռենտա վճարելու պարտականությունը պետք է դադարի քաղաքացու մահվան փաստով: Նշանակում է` ժառանգման կարգով չի կարող փոխանցվել ռենտա վճարելու պարտականությունը, իսկ ռենտա ստանալու իրավունքը չի կարող փոխանցվել պահանջի իրավունքի զիջման կարգով:
Ցմահ ռենտան կարող է սահմանվել ռենտայի վճարման դիմաց գույքը հանձնած քաղաքացու կամ նրա մատնանշած այլ քաղաքացու կյանքի ամբողջ ժամանակահատվածի համար: Թույլատրվում է ցմահ ռենտա սահմանել հօգուտ մի քանի քաղաքացիների, որոնց բաժինները ռենտա ստանալու իրավունքում ճանաչվում են հավասար: Ռենտա ստացողներից մեկի մահվան դեպքում ռենտա ստանալու իրավունքում նրա բաժինն անցնում է ողջ մնացած ռենտա ստացողներին:
Ռենտայի անբարեխիղճ վճարողից իր շահերը պաշտպանելու նպատակով ռենտա ստացողն օժտվում է որոշ իրավունքով: Այսպես, ռենտա վճարողի կողմից ցմահ ռենտայի պայմանագրի էական խախտման դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի ռենտա վճարողից պահանջել վերադարձնելու այն գույքը, որն ինքը հանձնել է ռենտա վճարողին ի սեփականություն կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
Եթե ցմահ ռենտայի վճարի դիմաց բնակարանը, բնակելի տունը կամ այլ գույքն օտարվել է անվճար, ռենտա վճարողի կողմից պայմանագրի էական խախտման դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի պահանջել վերադարձնելու այդ գույքը` դրա արժեքը հաշվանցելով ռենտայի հետգնման գնի հաշվին:
Ցմահ ռենտայի դիմաց հանձնված գույքի պատահական կորուստը կամ պատահական վնասվածքը ռենտա վճարողին չի ազատում ցմահ ռենտայի պայմանագրով նախատեսված պայմաններով այն վճարելու պարտավորությունից:
Ռենտա վճարելու պարտավորությունը դադարում է վերջին ռենտա ստացողի մահվամբ: Ի դեպ` պայմանագիրը կնքելու պահին մահացած քաղաքացու օգտին ցմահ ռենտա սահմանող պայմանագիրն առոչինչ է: Ցմահ ռենտան վճարվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա ավարտից հետո, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով:
Եզրակացություն
Այսպիսով, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ռենտայի պայմանագիրը նոտարական վավերացում ստացող, սեփականության իրավունքը փոխանցող պայմանագիր է, ինչի վերաբերյալ դրույթները ահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
Ռենտայի պայմանագրով ռենտա ստացողը ռենտա վճարողին սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար կատարել վճարումներ` ռենտա, որն իրենից ներկայացնում է որոշակի գումար:
Ռենտայի պայմանագիրը կնքվում է ռենտա ստացողի և ռենտա վճարողի միջև: Ռենտա ստացողը ռենտա վճարողին սեփականության իրավունքով հանձնում է գույք, որի դիմաց ռենտա վճարողը պարտավորվում է կատարել համապատասխան վճարումներ: Ընդ որում այդ վճարումները կատարվում է ոչ միայն գումարով և բնեղեն ձևով:
Ռենտայի պայմանագիրը կարող է լինել մշտական և ցմահ: Այս տեսակները սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Երկու դեպքում էլ պայմանագիրը կնքվում է գրավոր:
Մշտական ռենտայի պայմանագիրը կնքվում է անժամկետ հիմունքներով, քանի որ սույնով չի սահմանվում պայմանագրի դադարման ժամկետը: Մշտական ռենտայի պայմանագրի կողմեր կարող են լինել երկուստեք և ֆիզիկական, և իրավաբանական անձինք: Մշտական ռենտայի վճարումները կատարվում են եռամսյակը մեկ անգամ, եթե իհարկե որևէ այլ բան օրենքը չի նախատեսում:
Ցմահ ռենտան, իր անվանմանը համապատասխան, նշանակվում է մինչև անձի կյանքի վերջ, ինչը վկայում է այն մասին, որ ռենտայի վճարման պարտականությունը դադարում է, երբ քաղաքացին մահանում է: Թույլատրվում է ցմահ ռենտա սահմանել հօգուտ մի քանի քաղաքացիների, որոնց բաժինները ռենտա ստանալու իրավունքում ճանաչվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով: Այս դեպքում եթե մահանում է ռենտա ստացողներից որևէ մեկը, ռենտա ստանալու իրավունքը փոխանցվում է ողջ անձանց: Պայմանագիրը կնքելու պահին մահացած քաղաքացու օգտին ցմահ ռենտա սահմանող պայմանագիրն առոչինչ է:
Օգտագործված գրականության ցանկ
1. Բարսեղյան Տ., Հայկյանց Ա. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք», Երկրորդ մաս: Երևան, ԵՊՀ, 2001թ.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք