Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Գ. Լեյբնիցը և անգիտակցականի հիմնախնդիրը
Գերմանացի փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը 17-րդ դարի եվրոպական գիտության և փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից է՝ հանրագիտակ մի մտածող, որի հարուստ տեսական ժառանգության մեջ լավագույնս արտահայտվել է ժամանակաշրջանի ոգին:
Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը ծնվել է 1646թ., Լայպցիգում, գիտնականի ընտանիքում: Փայլուն գնահատականներով ավարտելով դպրոցը՝ նա ուսումը շարունակում է Լայպցիգի համալսարանում, որտեղ հմտանում է իրավաբանության մեջ: Դրա հետ մեկտեղ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մաթեմատիկայի, տրամաբանության և փիլիսոփայության նկատմամբ: 1666թ. նա փիլիսոփայության ֆակուլտետում պաշտպանում է մագիստրոսական թեզ, այնուհետև, նույն թվականին, Ալտդորֆի համալսարանում՝ իրավագիտության գծով դոկտորական ատենախոսություն: Հրաժարվելով դասախոսական աշխատանքից՝ Գոթֆրիդ Լայբնիցը ծառայության մեջ է մտնում բարոն Բոյնեբուրգի մոտ, ինչը հնարավորություն է տալիս տաղանդավոր գիտնականին զբաղվելու ոչ միայն գիտությամբ, այլև հասարակական-քաղաքական, կրոնական ու ազգային գործունեությամբ: Սակայն Լայբնիցի գիտափիլիսոփայական հայացքների ձևավորման վրա կարևոր նշանակություն ունեցան Փարիզում անցկացրած տարիները, որտեղ նա առավել խորությամբ ուսումնասիրում է մաթեմատիկայի և բնագիտության հարցերը:
1675թ. Լայբնիցը հայտնագործում է դիֆերենցիալ ու ինտեգրալ հաշվարկումը, հորինում մի հաշվիչ մեքենա, որն ի վիճակի էր կատարելու բարդ մաթեմատիկական հաշվարկներ: Վերադառնալով Գերմանիա՝ նա աշխատանքի է անցնում Հաննովերի դքսի մոտ՝ որպես պալատական պատմագիր և դիվանագետ: 1700թ. ստեղծվում է Բեռլինի գիտական հասարակությունը, որի պրեզիդենտ է ընտրվում Լայբնիցը:
Գերմանացի մեծ մտածողը մահացավ 1716թ. Հաննովերում: Նրա գլխավոր փիլիսոփայական աշխատություններն են՝ «Խորհրդածություններ մետաֆիզիկայի մասին», «Բնության նոր համակարգը», «Նոր փորձեր մարդկային բանականության մասին», «Թեոդիցիա», «Մոնադաբանություն» և այլն:
Իր գոյաբանական ուսմունքում Լայբնիցը, մնալով ռացիոնալիստական ավանդույթի շրջանակներում, յուրօրինակ ձևով համադրում է սուբստանցիայի վերաբերյալ Դեկարտի և Սպինոզայի հիմնական գաղափարները:
Լայբնիցը կարծում է, որ գոյություն ունեն ոչ թե մեկ կամ երկու սուբստանցիաներ, այլ բազում, անթիվ սուբստանցիաներ՝ մոնադներ (մոնադ հունարեն նշանակում է մեկ, միասնական), որոնք ոչ թե նյութական միավորներ են, այլ «իդեալական ատոմներ» կամ «մետաֆիզիկական կետեր»: Լայբնիցը, Դեկարտի դուալիստական և Սպինոզայի մոնիստական գոյաբանությանը հակադրում է իր պլյուրալիստական գոյաբանությունը՝ մոնադաբանությունը:
Ինչպես Դեմոկրիտեսը Պարմենիդեսի միասնական կեցությունն անդամահատեց փոքրագույն կեցությունների՝ ատոմների, այնպես էլ Լայբնիցը պատճենահանելով Սպինոզայի սուբստանցիան, ստեղծեց դեկարտյան «Ես»-երի խայտաբղետ մի աշխարհ: Մոնադները կեցության հոգևոր ատոմներ են, որոնք օժտված են էներգիայով, ուժով, գործողությամբ, այսինքն՝ կյանքով: Լայբնիցը տարբերակում է երկու տիպի սուբստանցիա՝ պարզ և բարդ: Պարզ սուբստանցիաները զուրկ են մասերից, իսկ բարդ սուբստանցիաները կազմված են պարզերից: Պարզ մոնադները ո՛չ առաջանում են, ո՛չ էլ ոչնչանում. դրանք հավերժական են այնքանով, որքանով հավերժական է տիեզերքը:
Ամեն մի մոնադ, միավորվելով որոշակի մարմնի հետ, կազմավորում է կենդանի օրգանիզմ: Դա նշանակում է, որ տիեզերքը լի է կենսուժով, կյանքով: Քանի որ տիեզերքում ամեն ինչ կապված է իրար հետ, գոյություն ունի փոխադարձ ներգործություն, այստեղից բխում է, որ յուրաքանչյուր մոնադ մի կենդանի հայելի է, որն իր տեսանկյունից վերարտադրում է ողջ տիեզերքը: Յուրաքանչյուր մարմին զգում է այն ամենը, ինչ կատարվում է կամ պիտի կատարվի տիեզերքում: Տիեզերքի գեղեցկությունը, գրում է Լայբնիցը, կարելի է ճանաչել յուրաքանչյուրի հոգում, եթե հնարավոր լիներ թափանցել դրա բոլոր գաղտնարանները:
Ամեն մի մոնադ տարբերվում է մյուսներից իր ներքին հատկություններով: Բնության մեջ չկա բացարձակապես իրար նման երկու գոյացություն. ամեն մի մոնադ անհատականություն է: Փաստորեն, բազմաթիվ սուբստանցիաների մասին լայբնիցյան ուսմունքը նրա կողմից ձևակերպված չտարբերակվող նույնության օրենքի առարկայացումն է: Ըստ այդ օրենքի՝ «բնության մեջ երբեք չի կարող լինել երկու գոյակ, որոնք կատարելապես լինեն նույնը և որոնց մեջ հնարավոր չլիներ գտնել ներքին տարբերություններ կամ դրանցով պայմանավորված տարբերություններ»: Մոնադներն իրարից տարբերվում են իրենց ներքին սկզբունքներով, հատկապես ճանաչողության եղանակով և ակտիվությամբ: Լայբնիցը տարբերակում է երեք կարգի մոնադ՝ պարզ («մերկ»), հոգի և ոգի: «Մերկ» մոնադներն ունեն մութ ու աղոտ պատկերացումներ, հոգի մոնադները՝ պատկերացում (պերցեպցիա), զգայություն, հիշողություն, իսկ ոգի մոնադները՝ նաև բանականություն:
Բարձրագույն ակտիվությամբ օժտված են ոգի մոնադները, այսինքն՝ մարդիկ, որոնք ընդունակ են պերցեպցիան վերածելու ապերցեպցիայի, այսինքն՝ գիտակցումից անցնելու ինքնագիտակցության կամ ինքնաճանաչողության: Եթե հոգի մոնադները, որպես կենդանի հայելիներ, արտացոլում են արարված գոյերը, ապա ոգի մոնադները, բացի դրանից, արտացոլում են նաև տիեզերքի արարչին, ընդունակ են ճանաչելու տիեզերական համակարգը և նմանակելու Աստծուն իրենց ստեղծագործական ձգտումներով, քանի որ յուրաքանչյուր ոգի իր ոլորտում կարծես թե մի փոքրիկ աստվածություն լինի: Ոգիների համախմբությունը, ըստ Լայբնիցի, ներկայանում է որպես կատարյալ մի թագավորություն, տիեզերական միապետություն, որը կառավարվում է ամենակատարյալ Միապետի՝ Աստծո կողմից:
Քանի որ Լայբնիցն ի սկզբանե ընդունում է ոչ թե տիեզերքի սուբստանցիոնալ միասնության, այլ բազմազանության և տարբերության գաղափարը, ընդսմին պնդելով, որ մոնադներն անկախ են մեկը մյուսից և «չունեն լուսամուտներ, որոնց միջոցով ինչ-որ բան կարողանար մուտք գործել նրանց մեջ կամ նրանցից դուրս գալ», ուստի նրա առջև խնդիր է ծառանում՝ պարզել, թե ինչպես է սուբստանցիոնալ տարբերությունից գոյանում համատիեզերական միասնությունը:
Օկազիոնալիզմի այն բացատրությունը, թե Աստված ամեն անգամ, ներգործելով մոնադների վրա, կարգավորում է նրանց ներդաշնակ փոխհարաբերությունները, Լայբնիցը չի ընդունում՝ պատճառաբանելով, որ նման դեպքում Աստված նման կլիներ վատ ժամագործի կամ մեխանիկի: Լայբնիցը կարծում է, որ Աստված տիեզերքն ստեղծել է կատարյալ, գեղեցիկ և կարգավորված և ի սկզբանե կարգավորել է մոնադների փոխհարաբերությունները:
Նախասահմանված ներդաշնակությունն ու միասնությունն անփոփոխ է ու հավերժական: Թեև մոնադներն ենթակա չեն ֆիզիկական ներգործության, այնուհանդերձ, նրանք իրարից մեկուսացված չեն: Լինելով հոգևոր ատոմներ՝ մոնադների փոխներգործությունները իդեալական բնույթ ունեն: Նախասահմանված ներդաշնակության տեսության միջոցով Լայբնիցը բացատրում է նաև հոգու և մարմնի միասնության փաստը: Հոգիները գործում են համապատասխան վերջնական (նպատակային) պատճառների օրենքների՝ ձգտումների, նպատակների միջոցով, իսկ մարմինները՝ գործող պատճառների օրենքների համաձայն: Նրանց գործողությունները ներդաշնակ են, որովհետև թե՛ մեկը և թե՛ մյուսը միևնույն տիեզերքի դրսևորումներն են:
Ներդաշնակություն գոյություն ունի նաև բնության ֆիզիկական թագավորության և նախախնամության բարոյական թագավորության միջև, այսինքն՝ տիեզերական մեքենան ստեղծող Աստծո և ոգիների թագավորության Միապետ Աստծո միջև: Իր «Թեոդիցիա» («Աստվածարդարացում») բարոյագիտական երկում Լայբնիցն առաջադրում է այն գաղափարը, որ այս աշխարհը բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնն է, որովհետև ստեղծվել է ամենաբարի, ամենագետ ու ամենակատարյալ Աստծո կողմից: Աշխարհում գոյություն ունեցող կամ այդպես թվացող անկատարությունները, չարիքները և աններդաշնակությունները տիեզերական ներդաշնակության ու կատարելության ապահովման անհրաժեշտ տարրերն են: Այն, ինչ լավագույն է ամբողջի համար, չի կարող այդպիսին լինել նաև դրա յուրաքանչյուր մասի համար:
Հաղթահարելով հոգևորի և նյութականի, ֆիզիկականի և իդեալականի դուալիզմը՝ Լայբնիցն ստեղծում է տիեզերքի մի օրգանական ու միասնական պատկեր, որտեղ նախասահմանված ներդաշնակության շնորհիվ տիրում է համերաշխության, փոխվստահության և լավատեսության ոգին: Այդ տիեզերքում ամեն ինչ գտնվում է անընդհատ փոփոխության մեջ, սակայն գործում է անընդհատության օրենքը, ըստ որի՝ «բնությունը չի սիրում թռիչքներ գործել»: Զարգացումը տեղի է ունենում անընդհատ ու անվերջ փոքր տարբերությունների միջոցով, ընդ որում, դա նախասկզբնական բովանդակության հետագա դրսևորումն է:
Զարգացման մեխանիզմի լայբնիցյան տեսությունը (անընդհատության օրենքը, անվերջ փոքրերի հասկացությունը, պրեֆորմիզմը և այլն) մեծ ազդեցություն ունեցավ 18-19-րդ դարերի թե՛ բնագիտական և թե՛ փիլիսոփայական մտքի զարգացման վրա:
Նորարարական գաղափարներով հարուստ է նաև Լայբնիցի իմացաբանական տեսությունը, որը հիմնականում շարադրված է նրա «Նոր փորձեր մարդկային բանականության մասին» ծավալուն տրակտատում: Վիճաբանական այդ երկում նա, մի կողմից քննադատում է Ջոն Լոկի սենսուալիստական, մյուս կողմից՝ Դեկարտի ռացիոնալիստական տեսության որոշ ծայրահեղ դրույթներ և, իր փիլիսոփայական ոգուն համապատասխան, փորձում է ստեղծել համադրական՝ սենսուալիզմի և ռացիոնալիզմի ճշմարիտ կողմերը ներառող տեսություն: Լոկը սխալվում է, երբ կարծում է, թե մարդու հոգին ի ծնե նման է «մաքուր տախտակի»: Դրանից էլ հետևում է, որ մեր գիտելիքի ստացման հիմնական աղբյուրը փորձն է ու զգայությունները:
Բայց մի՞թե մեր հոգիներն ի ծնե այնքան դատարկ են, որ ոչինչ չեն բովանդակում: Լայբնիցի կարծիքով՝ մարդու հոգին երբեք չի կարող լինել «մաքուր տախտակ», քանզի ճանաչողությունն ինքնին ենթադրում է որոշ գիտելիքների առկայություն, որոնք հնարավոր են դարձնում զգայական տվյալների իմաստավորումը: Նա մերժում է ծայրահեղ ռացիոնալիստական այն դրույթը, թե բնածին գաղափարները պատրաստի վիճակում գտնվում են հոգու մեջ: Դրանք գոյություն ունեն հնարավորության ձևով, ընդամենը նախահակումներ ու սաղմեր են, որոնք պետք է իրացվեն ժամանակի ընթացքում:
Լայբնիցը մարդու հոգին նմանեցնում է միջներակներ ունեցող մարմարակտորի, որի վրա եղած գծապատկերից քանդակագործը ստեղծում է քանդակը: Լոկի այն փաստարկին, թե եթե գոյություն ունենային բնածին գաղափարներ, ապա մարդը պետք է դրանք մշտապես գիտակցեր, Լայբնիցը պատասխանում է, որ դրանք գոյություն ունեն «փոքր պերցեպցիաների» տեսքով, և գիտակցելու համար անհրաժեշտ է ուշադրություն: Բնածին գաղափարների կամ «կայծերի» բոցավառման համար կարևոր դեր են խաղում զգայությունները: Սակայն զգայական իմացությունը սահմանափակ բնույթ ունի. այն հենվում է մասնավոր օրինակների վրա, որոնցից հնարավոր չէ բխեցնել գիտելիքի համընդհանրականությունն ու անհրաժեշտությունը: «Մտքի մեջ չկա ոչինչ, որ նախօրոք եղած չլինի զգայությունների մեջ» սենսուալիստական դրույթին Լայբնիցը ավելացնում է հետևյալը՝ բացառությամբ հենց մտքից: Դա նշանակում է, որ գիտելիքի համընդհանրականությունն ու անհրաժեշտությունն ապահովում է միայն բանականությունը:
Գիտելիքը, ըստ Լայբնիցի, կարող է լինել մութ և պարզ, աղոտ ու հստակ, անադեքվատ և ադեքվատ, սիմվոլիկ և ինտուիտիվ: Ինտուիտիվ գիտելիքը հենվում է նույնության օրենքի վրա: Ինտուիտիվ ճշմարտությունները վերլուծական դատողություններ են, որտեղ պրեդիկատը բացահատում է սուբյեկտի մեջ առկա հատկությունները: Դրանք հավերժական ճշմարտություններ են, որովհետև անկախ են փորձի արդյունքներից: Ինտուիտիվ ճշմարտություններից բխեցվում են մաթեմատիկական ճշմարտություններ, որոնք հիմնվում են հակասության օրենքի վրա: Բացի հավերժական ճշմարտություններից՝ Լայբնիցը ընդունում է նաև փաստի ճշմարտությունների գոյությունը, որոնք հիմնվում են բավարար հիմունքի օրենքի վրա: