diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Պետական կառավարման միասնական համակարգի նպատակը, խնդիրները և կառուցվածքը

Բովանդակություն

Ներածություն
Պետական կառավարման միասնական համակարգի նպատակը, խնդիրները և կառուցվածքը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Ճգնաժամային կառավարումը յուրաքանչյուր երկրի անվտանգության հայեցակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է:
Վերջին տարիներին արձանագրված խոշոր աղետները վկայում են այն մասին, որ նմանօրինակ դեպքերում, երբ առաջանում է ճգնաժամային կառավարման անհրաժեշտություն, գործ ենք ունենում ազգային անվտանգության խնդիրների հետ: Սույն ասվածից հետևում է այն, որ պետության ռազմավարական ծրագրերում պետք է ուշադրության կենտրոնում լինեն տարբեր աղետներից բնակչության և տարածքների պաշտպանության խնդիրները:
Բնական և տեխնածին աղետները չեն շրջանցում որևէ երկրի հակառակը, դրանք տարածվելով կարող են զարգանալ և անցնել հարևան պետությունների տարածքներ` արդյունքում առաջ բերելով միջպետական խնդիրներ և բազմաբնույթ հարցեր:
Ճգնաժամային կառավարումը հիմնականում նպատակուղղված է բնակչության պաշտպանությանը: Իսկ բնակչության պաշտպանությունը ներառումէ մարդկանց կյանքի և առողջության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ուենցվածքի պաշտպանությունը:
Ճգնաժամային կառավարման գործընթացները պետք է նպատակաուղղված լինեն իրավիճակների ծագման վտանգի, տարածքների ու բնակչության խոցելիության նվազեցմանը:
Պետական կառավարումը, իբրև նպատակամղված գործունեություն, հանդես է գալիս որպես հասարակական կյանքի վերնաշենք և բնորոշվում վերջինիս վիճակով` կարիքներով և շահերով: Միևնույն ժամանակ պետության կենսագործունեության օբյեկտիվ օրենքները սոցիալական կառավարման այն օրենքներն են, որոնք ունեն ինֆորմացիոն բնույթ:
Սույն աշխատանքը բաղկացած է ներածությունից, հիմնական մասին, եզրակցությունից և օգտագործված գրականության ցանկից: Ներածական մասում ընդհանուր տեղեկատվություն է ներկայացվում ճգնաժամային կառավարման մասին: Հիմնական մասում խոսվում է պետական կառավարման միասնական համակարգի, դրա բաղկացուցիչը կազմող մասերի իրավասությունների, նրանց առջև դրված խնդիրների և նպատակների մասին: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմված եզրահանգումների ներկայացումը տրվել է աշխատանքի եզրակացության մասում: Աշխատանքի կատարման ընթացքում օգտվել ենք հայ և ռուս հեղինակների արդի մասնագիտական գրականությունից, ՀՀ ԱԻՆ կողմից հրապարակված գիտական նյութերից և օրենքներից:


Պետական կառավարման միասնական համակարգի նպատակը, խնդիրները և կառուցվածքը

Պետությունը, որպես համակարգ, օժտված է բազմաբնույթ գործառույթներով, որոնց դասակարգման արդյունքում ստանում ենք համակարգի ֆունկցիոնալ ծառը: Ակնհայտ է, որ կառավարումը, այդ գործառույթներից մեկը լինելով, հիմնված է ինչպես համապիտանի (ունիվերսալ), այնպես էլ` յուրահատուկ սկզբունքների վրա:
Սահմանելով այն որպես կառավարող սուբյեկտի կողմից կառավարվող օբյեկտի նկատմամբ կիրառվող անընդհատ ազդեցություն, որի նպատակն է օբյեկտի վիճակը բնութագրող պարամետրերի փոփոխության շնորհիվ այն դեպի ցանկալի վիճակի մղելը` հանգում ենք կառավարման գործառույթի հետևյալ համապիտանի սկզբունքներին`
1. նպատակի վեկտորի ընտրություն,
2. կառավարվող օբյեկտի վիճակը բնութագրող պարամետրերի ճանաչողություն,
3. դրանց գերակայությունների պարզաբանում և կառավարման ենթակա պարամետրերի ու նրանց էտալոնային արժեքների ընտրություն,
4. կառավարման ալգորիթմի ընտրություն:
Պետական կառավարումը, իբրև նպատակամղված գործունեություն, հանդես է գալիս որպես հասարակական կյանքի վերնաշենք և բնորոշվում վերջինիս վիճակով` կարիքներով և շահերով: Միևնույն ժամանակ պետության կենսագործունեության օբյեկտիվ օրենքները սոցիալական կառավարման այն օրենքներն են, որոնք ունեն ինֆորմացիոն բնույթ:
Կառավարման օրենքները, ի տարբերություն իրավական օրենքների, որոնցով բնորոշվում են հասարակական իրավահարաբերությունները, նկարագրում են ամբողջական պետական մեքենայի և նրա կառավարման մարմինների, կառավարող համակարգի և սոցիալական միջավայրի, ինչպես նաև կառավարող սուբյեկտի և կառավարվող օբյեկտի միջև առկա այն ընդհանուր փոխհարաբերությունները, որոնք, ունենալով անհրաժեշտ, կրկնվող և էական բնույթ, տրվում են գիտատեսական մեկնության:
Պետական կառավարման օբյեկտիվ օրենքների համապատասխանելիությունը իրական կյանքին չափորոշվում է կառավարչական հարաբերություններում սուբյեկտի բազմազան գործողություններով դրսևորված այն էականորեն նշանակալի արդյունքներով, որոնք օժտված են պարբերական կրկնությամբ:
Կառավարման ընթացքում սուբյեկտիվ գործոնը սերտաճում է օբյեկտիվ գործոններին, կառավարման ներքին տրամաբանությունը` կառավարվող օբյեկտի փոփոխության և գործունեության տրամաբանությանը: Այս դիալեկտիկայի էությունը սուբյեկտի օբյեկտիվացումն ու օբյեկտի սուբյեկտիվացումն է:
Պետական կառավարման միասնական համակարգի արդյունավետ գործունեության հիմնաքար է համարվում ճշգրիտ և հուսալի տեղեկատվությունն ու լրատվությունը: Նախ նշենք, որ նրանց կողմից կառավարման գործընթացներն իրականացվում են մինչ իրավիճակների ծագումը և դրանց ծագման դեպքում:
Պետական կառավարման միասնական համակարգի առաջ դրվում են կարևորագույն նպատակներն են`
 գործողությունների կատարման արդյունքում հասնել նրան, որ կանխվի հասու վտանգը և ձեռնարկված` կանխարգելմանն ուղղված միջոցառումները տան ցանկալի արդյունք,
 գործողությունների կատարման արդյունքում տարածքների և բնակչության խոցելիության մակարդակը հասցվի նվազագույնի,
 գործողությունների կատարման արդյունքում ապահովվեն վերոնշյալ երկու կետերն էլ:
Կառավարման գործընթացները հիմնականում նպատակաուղղված են բնակչության պաշտպանության օպերատիվ միջոցառումների կատարմանը: Սակայն հաշվի առնելով առաջացող երևույթների յուրահատկությունները և դրանց շղթայական բնույթը, որոշ դեպքերում բնակչության պաշտպանության օպերատիվ միջոցառումների իրականացման հետ զուգընթաց, իրականացվում են նաև գործընթացներ, որոնք ուղղված են վտանգի վերացմանը:
Բնակչության պաշտպանության գործընթացների անմիջական ղեկավարումն իրականացվում է սույն բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, որի և ոչ միայն դրա գործառույթներին և իրավասություններին կծանոթանանք փոքր ուշ:
Պետական կառավարման միասնական համակարգի առջև դրվում են ներքոնշյալ խնդիրները`
1. որոշել աղետի հիմնական գոտին և ապահովել բնակչության տեղափոխությունը,
2. որոշել այն տարողությունները, որոնք հնարավոր կլինի օգտագործել նյութատեխնիկական միջոցների պահպանության և պահեստավորման համար,
3. մշտապես համագործակցային կապերի մեջ լինել ավտոճանապարհային, նավահանգստային և օդանավակայանային անձնակազմերի հետ,
4. հմաձայնություն ձեռք բերել համապատասխան կառավարման մարմինների հետ` արգելքների վերացման և մարդասիրական օգնության ներմուծման պայմաններ ստեղծելու համար,
5. մշակել սույն ոլորտին համապատասխան օրենսդրական դաշտ, արագ արձագանքել գործող օրենսդրական դաշտում առկա թերություններին,
6. ցանկացած իրավիճակում միշտ պատրաստ լինել արագ արձագանքման:
Պետական կառավարման միասնական համակարգ ասելով հասկանում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորված մարմնի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ամբողջությունը: Վերոնշյալ մարմիններից յուրաքանչյուրը ունի բնորոշ իրավասություններ:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը`
ա) ղեկավարում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում,
բ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը և վերահսկում ղրանց կատարումը,
գ) սահմանում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների ու գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննություն իրականացնելու կարգը,
դ) ապահովում է բնակչությանն ազդարարումն ու տեղեկատվությունն արտակարգ իրավիճակներում,
ե) հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում է այղ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները,
զ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը` վեցամյա ժամկետում,
է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Լիազորված մարմինը`
ա) մշակում է արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր և ապահովում դրանց կատարումը,
բ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը,
գ) կազմակերպում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը,
դ) կազմակերպում է փրկարարների ատեստավորման աշխատանքները և բնակչության ուսուցումը` արտակարգ իրավիճակներում նրանց պաշտպանության հիմնահարցերով,
ե) համակարգում և վերահսկում է հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեությունը բնակչության պաշտպանության բնագավառում,
զ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարումն ու տեղեկատվությունը,
է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հանրապետական գործադիր մարմինները`
ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում,
բ) կազմակերպում են ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունն արտակարգ իրավիճակներում,
գ) իրենց լիազորությունների սահմաններում ապահովում են բնակչության պաշտպանությունը,
դ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Պետական կառավարման տարածքային մարմինները`
ա) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում,
բ) կազմակերպում են մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումը և համակարգում այդ ծրագրերով նախատեսված աշխատանքները,
գ) մասնակցում են պետական համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը,
դ) տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին,
ե) ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարություններ բնակչության պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ,
զ) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ,
է) պատասխանատու են մարզի տարածքում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար,
ը) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում,
բ) իրականացնում են վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար,
գ) կազմակերպում են փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում,
դ) իրականացնում են արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում,
ե) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումն արտակարգ իրավիճակներում,
զ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Կառավարման յուրաքանչյուր մակարդակում գործում են արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ և աշխատանքային մարմիններ: Սույն իրավիճակների ծագման դեպքում կառավարման յուրաքանչյուր մակարդակում գործում է կառավարման հիմնական կետ, և ծավալվում են անհրաժեշտ քանակությամբ կառավարման շարժական կետեր:
Այդ դեպքում արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի աշխատանքային մարմինը հանդիսանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը: Կառավարման տարածաշրջանային մակարդակում արտակարգ իրավիճակների հաձնաժողովի աշխատանքային մարմինը լիազորված մարմնի մարզային ստորաբաժանումն է: Արտակարգ իրավիճակների ծագման դեպքում կառավարման կետերն անցնում են համապատասխան հանձնաժողովների օպերատիվ ենթակայության տալ: Փրկարարական աշխատանքների անիմիջականղեկավարումն իրականացվում է շարժական կառավարման կետերից: Դրսևորվող երևույթների հետևանքների վերացման աշխատանքների կառավարումն իրականացվում է համապատասխան հանձնաժողովների կողմից:

Եզրակացություն

Այսպիսով, պետական կառավարման միասնական համակարգի ամբողջական ուսումնասիրությանը նպատակաուղղված աշխատանքի կատարման արդյունքում հնարավոր եղավ կատարել ներքոնշյալ եզրահանգումները:
Պետական կառավարման միասնական համակարգը համարվում է նպատակամղված գործունեություն, որը բնորոշվում է հասարակական կյանքի կարիքներով և շահերով:
Պետական կառավարման միասնական համակարգի արդյունավետ գործունեության իրականացման հիմքում ստացվելիք տեղեկատվությունն է, որը պետք է լինի հուսալի և ճշգրիտ: Սույն համակարգը կազմող կառույցների գործողությունը հետապնդում երկու կարևորագույն նպատակ: Նախ և առաջ պետական կառավարման միասնական համակարգը միջոցառումներ է ձեռնարկում նվազեցնելու համար ստեղծվող իրավիճակի վտանգը, իսկ եթե այն արդեն եղել է, միջոցառումները ուղղված են բնակչության խոցելիության մակարդակի նվազագույնին հասցմանը:
Պակաս կարևոր չեն նաև պետական կառավարման համակարգի առջև դրված խնդիրները, որոնցից կարևորագույնը, կրկին նշեմ, որ համարվում է ճշգրիտ և հուսալի տեղեկատվության ստացումը: Կառույցները պետք է պատրաստված լինեն արագ արձագանքման, պետք է նախօրոք ուսումնասիրված լինեն տարածքները, առանձնացված լինեն նյութեղեն իրերը պաշտպանելու տարածքները, պետք է համագործակցություններ ունենան տարբեր` կառավարման ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպությունների, ավտոճանապարհային, օդանավակայանային անձնակազմերի հետ:
Պետական կառավարման միասնական համակարգ ասելով հասկանում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորված մարմնի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ամբողջությունը: Վերոնշյալ մարմիններից յուրաքանչյուրը ունի բնորոշ իրավասություններ:
Սակայն կարևոր է նշել, որ պետական կառավարման միասնական համակարգի գործառույթները չեն սահմանափակվում միայն սույն կառույցների իրավասությունների կատարմամբ: Բնականաբար, ստեղծվում են աշխատանքային մարմիններ և հանձնաժողովներ, կառավարման յուրաքանչյուր աստիճանում գործում են կառավարման հիմնական կետ, միևնույն ժամանակ նախատեսվում են անհրաժեշտ քանակությամբ շարժական կետեր:

Օգտագործված գրականության ցանկ

1. Քալաշյան Վ. «Պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարները և առաջնահերթությունները», Երևան, «Նորավանք», 2002թ.
2. Ենգոյան Մ.Ն. «Արտակարգ իրավիճակների կառավարումը»: Դասախոսություններ. Երևան, «Տնտեսագետ», 2006թ.
3. Հարությունյան Ս.Հ. «Արտակարգ իրավիճակներում պլանավորման դերը և նյութատեխնիկական ապահովումը», Երևան, «Տնտեսագետ», 2006թ.
4. Հարությունյան Ս.Հ. «Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության հիմնահարցեր», Ուսումնական ձեռնարկ.- Եր.: Տնտեսագետ, 2009թ.
5. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք




Էջ - Գին - Պատվիրել