Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ռ. Դեկարտ. պատկերացումներ ռեֆլեքսի և ռեֆլեկտորային աղեղի մասին
17-րդ դարում կտրուկ զարգացում է ապրում մեխանիկան, մեքենաշինությունը, ինչը նպաստում է այսպես կոչված մեխանիստական դետերմինիզմի ձևավորմանը: Հիմնական գաղափարն այն է, որ բնությունը, մարմինները գործում են ֆիզիկական օրենքներով: Մեխանիստական դետերմինիզմի խոշոր ներկայացուցիչներից է Ռենե Դեկարտը: Ըստ նրա մարմինը մեքենա է և ենթարկվում է մեխանիկայի օրենքներին: Ինչպես մարմինը, այնպես էլ մարդը և առանձին օրգանիզմները հոգու կառավարման կարիք չունեն, քանի որ դրանք ենթարկվում են արտաքին դրդիչներին: Մարմնի և ընդհանրապես մատերիայի օբյեկտի էությունը տարածվածությունն է: Դեկարտին բնորոշ է դուալիզմը: Հոգին ըստ նրա միանգամայն այլ էություն է, այն ոչ նյութական է և նրա էությունը միտքն է, ըստ որում միտք ասելով Դեկարտը նկատի ուներ ցանկությունները, զգայությունները և երևակայությունը: Հոգեկան այդ երևույթները միավորվում են գիտակցության միջոցով, որի հայացքի առաջ դրանք բացահայտվում են:
Գիտակցությունը բնութագրվում է նաև որպես ակտիվ ռեֆլեքսիվ մտավոր էքսպերիմենտներ կատարելու, աքսիոմատիկ գիտելիք ձևավորելու ընդունակ իրողություն: Ըստ Դեկարտի, ոչ զգայությունները, ոչ դատողությունները չեն կարող գիտելիք տալ: Ճանաչողության հիմքը կասկածն է, միայն մի բան է անկասկած, այն, որ մենք կասկածում ենք, այսինքն մտածում է. «ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»:
Ճշմարտության չափանիշը ըստ Դեկարտի, ոչ թե պրակտիկայում, այլ մարդու գիտակցության մեջ պետք է փնտրել: Ըստ նրա գոյություն ունեն բնածին գաղափարներ կամ ճշմարտություններ: Ճանաչողության մեջ բացառիկ դեր ունի դեդուկցիան և ինտուիցիան: Ըստ նրա գոյություն ունի հոգևոր սուբստանցիա, հոգևոր և մատերիական սուբստանցիաներից վեր կանգնած է Աստվածային սուբստանցիան:
Հոգեբանության հարցերին Դեկարտն անդրադարձել է իր «Հոգու կրքերը» աշխատության մեջ: Այստեղ նա առանձնացնում է հոգու երկու վիճակ` ակտիվ, գործուն վիճակ և տառապալից վիճակ: Հոգին դետերմինավորվում է, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դրդիչների ազդեցությամբ: Կրքերն, ըստ նրա, մարմնի գործունեության արդյունք են, իհարկե նրանք առանց հոգու չեն կարող գործել, բայց այնուամենայնիվ դրանք դրդվում են արտաքին խթանների ազդեցությամբ առաջ եկած մարմնական գործընթացներից:
Դեկարտը համարվում ռեֆլեկտոր տեսության հիմնադիրը: Իր տեսությունը նա մշակել է Հարվեյի արյան շրջանառության ոլորտում կատարած հայտնագործությունների հիման վրա: Դեկարտն ինքն էլ է զբաղվել մարդու և կենդանիների անատոմիայի և ֆիզիոլոգիայի հարցերով: Արյան շրջանառության ռեֆլեկտոր մեխանիզմների մասին գաղափարը նա տարածեց ամբողջ վարքի շարժումների վրա: Ըստ Դեկարտի, օրգանիզմը այլ մարմինների հետ շփվում է նյարդային համակարգի միջոցով: Նյարդային համակարգը կազմված է կենտրոնից և նյարդային ուղիներից, որոնք լինում են կենտրոնաձիգ և կենտրոնախույս: Այդ ուղիները նա համեմատում է արյան երակների հետ, նյարդային իմպուլսները արյունից ավելի թեթև և շարժուն մասնիկներ են, դրանք Դեկարտն անվանում էր կենդանի հոգիներ, որոնք շատ փոքր են ու շարժուն: Այնպես, ինչպես լույսի ճառագայթներն են արտացոլվում,այնպես էլ ուղեղն է իմպուլսներ արտացոլում: Դեկարտը ռեֆլեկտոր մեխանիզմը հետևյալ ձևով է մեկնաբանում. Արտաքին առարկաներն ազդում են նյարդային վերջույթների վրա, դրանք ձգվում են բացում անցքերը, որոնցով ուղեղից իմպուլսները հասնում են մկաններին և ուռեցնելով դրանք դնում են շարժման մեջ: Վարքի բազմազանությունը Դեկարտը բացատրում էր օրգանների դիսպոզիցիայով, այսինքն օրգանների անատոմիական կառուցվածքով, ինչպես նաև կենտրոնի նյարդերից եկած իմպուլսների` ուղեղի կողմից այլ ուղղությամբ տարածելուն: Զգայությունները, մտապատկերները և զգացմունքները կենդանի հոգիների ակտիվության արդյունք են, որոնք հոգին գիտակցում են: Ըստ նրա այս մեխանիկական պրոցեսով կարելի է բացատրել բոլոր հոգեկան պրոցեսները, բացի ինտելեկտից և խոսքից: Դեկարտը միևնույն ժամանակ իդեալիստ էր, ըստ նրա հոգին ոչ նյութական երևույթ է և ²ստված է այն միացրել մարմնին: Կենդանիները, ըստ նրա, զուտ մարմնական ու մեխանիկական շարժումներով են ղեկավարվում, գիտակցություն չունեն:
Դեկարտի ուսմունքը մեծ դեր խաղաց զուգորդային տեսության զարգացման գործում: Ըստ Դեկարտի ռեֆլեկսներ կարելի է ձևավորել նաև ուսուցման միջոցով, այսինքն գրգռիչի և հակազդման միջև զուգորդում ստեղծելով:
Դեկարտը նաև առաջնային և երկրորդային հույզերի տեսության հիմնադիրն է: Ըստ նրա գոյություն ունեն հիմնական հույզեր` դրանք են զարմանքը, սերը, ատելությունը, ցանկությունը,ո ւրախությունը և տխրությունը, իսկ մնացած բոլոր հույզերը խառնությունն են: Այս գաղափարը հետագայում տարածում գտավ հույզերի հետազոտության ոլորտում:
Նա, հիրավի, «կոպեռնիկոսյան հեղաշրջում» կատարեց փիլիսոփայական մտքի պատմության մեջ՝ մարդկային բանականությունը դարձնելով փիլիսոփայական խորհրդածությունների «արքիմեդյան հենակետը»: Նախորդ փիլիսոփայության գոյաբանական ռացիոնալիզմը Դեկարտը վերափոխեց իմացաբանականի՝ բանականությունը բարձրացնելով գերագույն հեղինակության գահին:
Բեկոնի նման՝ Դեկարտը փիլիսոփայության գլխավոր խնդիրը համարում է գիտական մեթոդի մշակումը: Սակայն, ի տարբերություն Բեկոնի, որը գիտական նոր մեթոդի հարցը կապում է փորձի և ինդուկցիայի հետ, Դեկարտը հիմք է ընդունում բանականությունը և դեդուկցիան, մտքի հստակությունը և ինտելեկտուալ ինտուիցիան: Բանականությունը կեղծ կուռքերից մաքրելու համար Դեկարտը ստիպված էր հաղթահարելու երկու խոչընդոտ՝ տիրապետող սխոլաստիկական մտածողությունը և վերակենդանացած սկեպտիցիզմը: Այդ երկու խոչընդոտները հաղթահարելու համար նա փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ է ընդունում արմատական կասկածը: Թեպետ Դեկարտը մազաչափ անգամ կասկած չուներ մարդու ճանաչողական կարողությունների նկատմամբ, այնուամենայնիվ, հենց կասկածն է համարում այն լավագույն զենքը, որի կիրառմամբ հնարավոր է տեսականորեն ջախջախել թե՛ հեղինակազոր փիլիսոփայությունը և թե՛ դեպի ագնոստիցիզմ հակվող սկեպտիցիզմը: Այսինքն՝ կասկածը Դեկարտի ուսմունքում մեթոդաբանական մի հնար է, որի միջոցով նա մերժում և դեն է նետում այն ամենը, ինչը կարող է խանգարել գիտական հետազոտությանը:
«Խորհրդածություններ մեթոդի մասին» աշխատության մեջ Դեկարտը շարադրում է գիտական հետազոտության մեթոդի հետևյալ կանոնները.
1) «Երբեք ճշմարիտ չհամարել ոչ մի բան, եթե բոլորովին վստահ ու պարզ չլինի ինձ համար դրա ճշմարտությունը, այսինքն՝ խուսափել թե՛ շտապողականությունից և թե՛ կանխակալությունից և դատողություններից ընտրել միայն այն, ինչն այնքան հստակ ու պարզ կլինի, որ կասկածելու առիթ չեմ ունենա»:
2) Դիտարկվող դժվարությունները բաժանել այնքան պարզ մասերի, որքան անհրաժեշտ է հարցը հեշտությամբ և լավագույն ձևով լուծելու համար:
3) Հարկավոր է դատողությունները դասավորել որոշակի կարգով՝ սկսելով պարզագույն և անհրաժեշտ ճանաչելի առարկաներից, աստիճանաբար վեր ընթանալ դեպի ավելի դժվար առարկաների իմացությունը, կարգ ենթադրելով մինչև անգամ այնպիսիների միջև, որոնք իրենց բնական ընթացքում չեն հաջորդում իրար:
4) Թվարկումները և մեկնությունները պետք է լինեն լրիվ և սպառիչ, որպեսզի վստահ լինենք, որ ոչինչ բաց չենք թողել:
Դեկարտը համոզված էր, որ բացառությամբ ինտելեկտուալ ինտուիցիայի և դեդուկցիայի, իմացության մյուս բոլոր եղանակները մոլորության աղբյուրներ են: Ինտուիցիան մտքի անմիջական հայեցողության ձևն է, որը պայմանավորված չէ ո՛չ զգայականությամբ, ո՛չ էլ փորձով: Ինտուիցիան բանականության բնական լույսն է: Նրա գաղափարներն այնքան պարզ ու հստակ են, որ ոչ մի կասկած չեն հարուցում:
Դեկարտի կարծիքով՝ ինտուիցիան իր ակնհայտության և հավաստիության հատկություններով գերազանցում է ճշմարտության մինչ այդ գոյություն ունեցող չափանիշները: Ինտելեկտուալ ինտուիցիայի ճշմարտությունները պարզագույն դրույթներ են, որոնք իմացության շղթայի առաջին օղակն են: Գիտական մյուս ճշմարտություններն ածանցվում են այդ առաջնային դրույթներից: Քանի որ վերջիններս սահմանափակ քանակի են, իսկ դրանցից դեդուկտիվ ճանապարհով ստացվածները բազմաթիվ, ուստի, ըստ Դեկարտի, հենց դեդուկտիվ մեթոդն էլ պետք է համարվի հավաստի ճշմարտությունների հայտնաբերման ու հիմնավորման միակ գիտական մեթոդը:
Դեկարտի ռացիոնալիստական մեթոդաբանության բաղկացուցիչ մասերից է «համընդհանուր մաթեմատիկայի» գաղափարը: Ի տարբերություն Բեկոնի, Դեկարտը համոզված էր, որ մաթեմատիկայում կիրառվող մեթոդն անհրաժեշտ է կիրառել իմացության բոլոր բնագավառներում: «Համընդհանուր մաթեմատիկան», ներառելով բանականության ելակետային սկզբունքները, բացահայտում է ամեն մի առարկայի մասին ճշմարտություններ մակաբերելու եղանակները: Այդ մեթոդի հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր գիտությունները գտնվում են փոխադարձ կապի և պայմանավորվածության մեջ: Դեկարտի փիլիսոփայությունը վիթխարի ազդեցություն ունեցավ Նոր ժամանակի եվրոպական փիլիսոփայության, ինչպես նաև գիտության զարգացման վրա: