Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Քրեական պատասխանատվությունը վարձկանության համար
Բովանդակություն
Ներածություն
1. Վարձկանության հասկացությունը. պատմական ակնարկ
2. Քրեական պատասխանատվությունը վարձկանության համար
3. Հարցի կարգավորումը ՀՀ և արտասահմանյան երկրների քրեական օրենսդրություններում (համեմատական-իրավական վերլուծություն)
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Ժամանակակից միջազգային իրավունքը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը դիտում է որպես մեծագույն արժեք և իրավական կարգավորման վերջնական նպատակ: Միևնույն ժամանակ նորմերի սահմանման միջոցով պարտավորեցնում է բոլոր պետություններին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ պաշտպանելու այդ արժեքները և պայքարելու դրանք վտանգող արարքների դեմ: Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով միջազգային հանրության լիիրավ անդամ, կրում է սույն ուղղությամբ համապատասխան պարտավորություններ, ինչը արտահայտվել է ՀՀ օրենսդրության մեջ: Օրենսդրության մեջ բացառություն չի կազմում քրեական օրենսգիքրը, որում խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին նպատակաուղղված է առանձին բաժին:
Այս հանցագործությունները դասվում են միջազգային հանցագործությունների շարքին, որոնց գլխավոր հականիշն այն է, որ դրանք ոտնձգում են ոչ միայն առանձին անձանց կամ պետությունների, այլև ողջ միջազգային հանրության դեմ: Տվյալ հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ համընդհանուր խաղաղությունը և միջազգային անվտանգությունը, ժողովուրդների և պետությունների հարաբերությունները, ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը, պատերազմի օրենքները և սովորույթները:
Հիմք ընդունելով միջազգային հանցագործությունների առանձին տեսակների անմիջական օբյեկտի առանձնահատկությունները՝ հանցագործության սույն տեսակները դասակարգվում են խաղաղության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ խմբերի: Պատերազմական հակագործություններ են համարվու զանգվածային ոչնչացման զենք արտադրելը կամ տարածելը (քր. օր.–ի հոդված 386), պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը (քր. օր.–ի հոդված 387), միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները գինված ընդհարումների ժամանակ (քր. օր.–ի հոդված 390), անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ (քր. օր.–ի հոդված 391, քր.), վարձկանությունը (քր. օր.–ի հոդված 395):
Սույն աշխատանքով ուսումնասիրվել է վարձկանությունը, նրա համար սահմանվող պատասխանատվությունը, ինչպես նաև համեմատական-իրավական վերլուծություն է կատարվել ՀՀ և արտասահմանյան երկրներիի քրեական օրենսդրությունում հարցի կարգավորման շուրջ:
1. Վարձկանության հասկացությունը. պատմական ակնարկ
Վարձկանությունը հանցագործություն է: Նախ նշենք, որ վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:
Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Վերլուծելով իրավական գիտական գրականությունը՝ կարելի է առանձնացնել վարձկանության զարգացման երեք կարևոր փուլ՝
1. Փուլ 1՝ վարձկանության ծագումը և էվոլյուցիան որպես զինվորական ծառայության ինստիտուտ, ռազմական կազմակերպության ձևերը՝ մ. թ. ա. II–III դդ. մինչև մ.թ. ХIХ դ.
2. Փուլ 2՝ վարձկանւթյան զարգացումը որպես պետական իշխանության քաղաքականության իրականացման գործքի զինված ընդհարումների ժամանակաշրջանում՝ ХХ դար,
3. Փուլ 3 ՝ վարձկանության ներկա վիճակ՝ ХХդարի վերջից մինչև ХХI դարի սկիզբ:
Վարձկանությունը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Քսենոֆոնի «Անաբասիսը» նկարագրում է, թե ինչպես էին հույները կռվում Դարեհ 3-րդ-ի և նրա հետ պատերազմող Ալեքսանդր Մակեդոնացու զորքերում: Միջնադարում առաջին վարձկանները վիկինգներն էին, որոնք ընդգրկվում էին բյուզանդական կայսրերի զորքերում. Նորվեգիայի ապագա թագավորը եղել էր բյուզանդական կայսեր թիկնազորի հրամանատարը:
Իտալիայում ուշ միջնադարում կոնդոտերները, ովքեր զբաղվում էին վարձկանների հավաքագրմամբ, հանդիսանում էին քաղաքների և պետությունների միջև մշտական պատերազմական գործողությունների պատճառ: Երբեմն նրանք խլում էին իշխանությունը և վերահսկողություն էին սահմանում Սենորների հանդեպ:
15-17-րդ դարերում եվրոպական պատերազմներում որոշիչ դեր էին խաղում լանդսկնեխտները, ովքեր վարձկանների ինքնուրույն խմբեր էին եվրոպական տարբեր երկրներից: Յուրաքանչյուր չորս հարյուր զինվորի համար նշանակված էր թարգմանիչ, ովքեր տիրապետում էին մի քանի եվրոպական լեզուների, իսկ վարձկանների խմբի կապիտանը պարտավորվում էր կարողանալ խոսել եվրոպական բոլոր լեզուներով:
1474թվականին ֆրանսիական թագավոր Լյուդովիկ 11-րդը պայմանագիր կնքեց շվեցարական մի քանի գյուղերի հետ՝ պարտավորվելով նրանցից յուրաքանչյուրին տարեկան վճարել 20 հազար ֆրանկ: Այդ գումարի դիմաց գյուղերը պարտավոր էին թագավորի պատերազմական գործողությունների ծավալման ժամանակահատվածում ապահովել նրան զինված մարդկանց խմբերով: Այսպես ձևավորվեցին շվեցարական վարձկանները: Այս դարաշրջանում վարձկանության ակտիվ զարգացումը կապված է այն հանգամանքի հետ, որ մշտական մասնագիտացված բանակ ունենալ իրենց կարող էին թույլ տալ միայն ամենահարուստ միապետերը: Իսկ մյուս երկրներին մնում էր միայն պատերազմական գործողություններից առաջ վարձել լանդսկնեխտերի:
17-րդ դարում պատմության թատերաբեմ եկան իռլանդական վարձկանները, ովքեր պատմության էջերում հայտնի են որպես «վայրի սագեր»: Ժամանակաշրջանը հայտնի է «վայրի սագերի թռիչք» արտահայտությամբ, որոնցից առաջինը տեղի ունեցավ 1607թ-ին:
Զորակոչային բանակների ի հայտ գալուց հետո 19-րդ դարում վարձկանությունը Եվրոպայում գրեթե անհետացավ: Սակայն աշխարհի մյուս անկյուններում այն պահպանվեց: Այսպես, ամերիկացի Ֆրեդերի Ուորդը 1860-ական թվականներին կանգնեց Չինաստանի կառավարության գլուխ, որը պայքարում էր թայպինների ապստամբության դեմ: Նրա բանակը, որը կազմված էր ֆիլիպինցիներից և եվրոպական վարձկաններից, հաջողությամբ պայքարեց և հաղթանակ տարավ:
1960-ական թվականներից սկսած վարձկանները համարվում էին պահանջված, ինչը կապվում էր Աֆրիկայի ապագաղութացման սկզբի հետ: 1961թ-ին սկսվեց Կոնգոյի քաղաքացիական պատերազմը, որում կարևոր դեր խաղացին եվրոպական վարձկանները, ովքեր առավել շատ օգտագործվեցին 1964թ-ին երկրի վարչապետ Մոիզ Չոմբեյի կողմից: Սակայն արդեն 1970-ական թվականներին նկատվեց վարձկանության կտրուկ անկում, որը արդյունքն էր սպիտակ վարձկանների դատի: Նրանցից երեքը դատապարտվեցին մահապատժի, իսկ մոտ 20-ը՝ երկարատև ազատազրկման:
1990-ական թվականների կեսերին լայն տարածում ստացան մասնավոր պատերազմական ընկերությունները: Այսպես, 1995 թվականին Սիերա-Լեոնե քաղաքացիական պատերազմի ժամանակ կառավարությունը 60.000.000 դոլարով վարձեց պատերազմական ընկերությանը, որը գործում էր Հարավային Աֆրիկայում և օգտագործեց այդ ուժերը ապստամբների դեմ պայքարելու համար:
Ընկերությանը հաջողվեց արագ կազմակերպել բոլոր գործողությունները: Ընկերությունը նախկին հատուկ զինվորականներից կազմեց հետևակային գումարտակ, որը հագեցած էր զրահամեքենաներով, զենքերով, ականետներով և գործողությունները հիմնականում ծավալվում էին ինքնաթիռներին սատար կանգնելու ուղղությամբ: Ընկերության կողմից կազմված գումարտակից պահանջվեց միայն երկու շաբաթ, որպեսզի ճնշեին ապստամբությունը Այնուհետև մասնավոր պատերազմական ընկերությունները իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան ռազմական մի շարք այլ գործողություններում: Օրինակ, ԱՄՆ-ն վարձեց մասնավոր ռազմական ընկերության Իրաքյան և Աֆղանական պատերազմական գործողություններում:
Վարձկանությունը մեր օրերում ևս արդիական է և պատժվում է օրենքի ամբողջ խոստությամբ: Իրավաբանների խոսքով` վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Քրեական պատասխանատվությունը վարձկանության համար
ՀՀ քր. օր.–ի հոդված 395-ը պատասխանատվություն է սահմանում վարձկան հավաքագրելու, ուսուցանելու, ֆինանսավորելու կամ այլ ձևով նյութապես ապահովելու, ինչպես նաե նրան զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում օգտագործելու համար։ Նույն հոդվածի երկրորդ մասը վերաբերում է նույն գործողություններին, եթե նրանք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ էլ ակնհայտ անչափահասին ներգրավելով։ ՀՀ քր. օր.–ի քննարկվող հոդվածի երրորդ մասը պատասխանատվության է սահմանում գինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին վարձկանի մասնակցության համար։
Հոդվածի ճիշտ մեկնաբանման նպատակով անհրաժեշտ է նկատի ունենալ վարձկան հասկացության բացատրությունը, որը սահմանվում է ներքոշարադրյալ ձևով: Վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և չի հանդիսանում զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար։
Վարձկանությունը մշտապես դատապարտվել է միջազգային հանրության լայն շերտերի կողմից: Դա փաստում են միջազգային իրավական ակտերը, որոնցում տրվում է վարձկանի հասկացության բնութագիրը և սահմանվում է, որ վարձկանները չեն կարոդ օգտվել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմական գործողությունների մասնակցի իրավունքներից, այլ պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործներ և ենթակա են քրեական պատասխանատվության։
Այդպիսի միջազգային իրավական ակտերի թվին են դասվում Պատերազմի զոհերի պաշտպանության մասին ժնևյան Կոնվենցիաներին կից թիվ 1 արձանագրությունը և 1989թ. ՄԱԿ–ի շրջանակներում ընդունված վարձկաններ հավաքագրելու, օգտագործելու ֆինանսավորելու և ուսուցանելու արգելման մասին կոնվենցիան: 1989թ.–ի կոնվենցիան պատասխանատվության է սահմանում նաև վարձկաններին ռազմական գործողություններամ ընգրկելուն ուղղված կազմակերպչական գործունեության համար։
Մեր կողմից ուսումնասիրվող հանցագործության օբյեկտ են հանդիսանում հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են վարձկանության միջազգային իրավական արգելման ապահովմանը։
Հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարմամբ՝ վարձկանի հավաքագրումը, վարձկանի ուսուցումը, վարձկանին ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, վարձկանին գինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում օգտագործելը։
Այս հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ։ Հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը։ Անձը գիտակցում է, որ ինքը մասնակցում է ռազմական գործողություններին որպես վարձկան։ Բացի դրանից, անհրաժեշտ է հատուկ նպատակի առկայությունը՝ ռազմական գործողություններում մասնակցելը՝ նյութական հատուցում ստանալու համար։ Այս հանգամանքը սկզբունքային նշանակություն ունի։ Անձը կարող է մասնակցել ռազմական գործողություններին՝ ղեկավարվելով գաղափարական, հայրենասիրական, կրոնական կամ այլ համոզմունքներով, և այդ մասնակցության համար անգամ որոշակի նյութական վարձատրություն ստանալ, բայց վարձկան չհանդիսանալ։
Արարքը վարձկանություն որակելու համար սկզբունքային նշանակության ունի բացառապես նյութական շահագրգռվածության առկայությունը։ Վարձկանության սուբյեկտը հատուկ է. դա այն անձն է, ով հավաքագրվել է որպես վարձկան։
ՀՀ քրեական օրենսգրքի քննարկվող հոդվածի երրորդ մասը նախատեսում է ինքնուրույն հանցակազմ և պատասխանատվության է սահմանում զինված ընդհարումներին կամ ռազմական գործողությաններին վարձկանի մասնակցության համար։
Այս հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է անձի՝ որպես վարձկանի, ռազմական գործողություններին կամ զինված ընդհարումներին մասնակցությամբ, մարտական գործողությունների նախապատրաստմանը և անցկացմանը նրա անմիջական մասնակցությամբ: Անհրաժեշտ պայման է հատուկ իրադրության՝ զինված ընդհարման կամ ռազմական գործողությունների առկայությունը։
3. Հարցի կարգավորումը ՀՀ և արտասահմանյան երկրների քրեական օրենսդրություններում (համեմատական-իրավական վերլուծություն)
Հարցի կարգավորման վերաբերյալ համեմատական-իրավական վերլուծություն անցկացնելու նպատակով ուսումնասիրել ենք ՀՀ և արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերը, ինչի արդյունքը ներկայացնում ենք ներքոհիշյալ շարադրանքում, որտեղ զետեղված են ԱՊՀ և եվրոպական երկրների տվյալ նյութի վերաբերյալ կատարված համեմատությունները:
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և ՀՀ բարեկամական հարաբերությունները և երկու պետությունների օրենսդրությունների, տվյալ պարագայում քրեական օրենսգրքերի բազմաթիվ նմանությունները` առաջինը կատարենք ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերում առկա վարձկանության հարցի կարգավորման վերաբերյալ համեմատական-իրավական վերլուծությունը:
Ներկայացնենք Ռուսաստանի քրեական օրենսգրքում վարձկանության վերաբերյալ հոդվածը:
Հոդված 359: Վարձկանություն
1. վարձկանների հավաքագրումը, ուսուցումը, ֆինանսավորումը և այլ նյութական աջակցության տրամադրումը, ինչպես նաև դրանց օգտագործումը զինված հակամարտություններին կամ ռազմական գործողություններին, պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) ակնհայտ անչափահասին ներգրավելով` պատժվում են` ազատազրկմամբ`յոթից տասնհինգ տարի ժամկետով կամ հինգ հարյուր հազար ռուբլի տուգանքով` մինչև երեք տարի ժամկետով:
3. Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին` պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
4. Վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով եւ զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում եւ այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:
Այժմ ներկայացնենք ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերում վարձկանության հարցի կարգավորման հարցի վերաբերյալ իրավական վերլուծության նմանություններն ու տարբերությունները:
Ի տարբերություն ՌԴ քրեական օրենսգրքի 359 հոդվածի` ՀՀ քրեական օրենսգրքի 395 հոդվածի համաձայն`
1. վարձկաններին նյութական օժանդակություն տրամադրելը, զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին մասնակցությունը պատժվում է ազատազրկումով` հինգից տասը տարի ժամկետով:
ՌԴ քրեական օրենսգրքում 359 հոդվածի սույն կետով պատիժն իրականացվում է չորսից ութ տարի ազատազրկմամբ:
Եթե ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն`
2. պաշտոնական դիրքի չարաշահումը, ակնհայտ անչափահասին ներգրավումը պատժվում է յոթից տասներկու տարի ազատազրկմամբ, ապա ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն սույն հոդվածի նշված արարքները պատժվում են յոթից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:
3. Եթե ՌԴ քրեական օրեսգրքով վարձկանների մասնակցությունը զինված ընդհարումներին և ռազմական գործողություններին պատժվում է երեքից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ, ապա ըստ ՀՀ քրեական օրենսգրքի` այս դեպքում պատժամիջոցը իրականացվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ:
4. Սույն կետով երկու պետությունների քրեական օրենսգրքերում առկա է ակնհայտ նմանություն:
Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, հարևան պետության հետ մեր հարաբերությունները միայն ռազմական, տնտեսական և քաղաքական չեն: Եթե ուսումնասիրելու լինենք այլ օրենսգրքեր ևս, ապա կարձանագրենք ակնհայտ նմանություն, իսկ ավելի կոնկրետ բնորոշումները նույնն են, տարբերվում են միայն պատժաժամկետների տեսանկյունից:
Ներկայացնենք Ղազախստանի քրեական օրենսգրքի վերոհիշյալ հարցի կարգավորման իրավական վերլուծությունը:
Ըստ Ղազախստանի քրեական օրենսգրքի 162 հոդվածի`
1. Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվում են միևնույն անձի կողմից, ով չարաշահում է իր պաշտոնական դիրքը, նաև անչափահասներին է ներգրավում` պատժվում ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով:
3. Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին` պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:
4 Վարձկան համարվում է այն մարդը, ով գործում է նյութական փոխհատուցում կամ այլ անձնական նպաստ ստանալու համար, չեն հանդիսանում այն երկրի քաղաքացին, որի կողմից իրականացվող զինված հակամարտության մեջ են ընդգրկված, մշտական բնակություն չեն հաստատում միևնույն տարածքում, և ուղարկված չեն մեկ այլ պետության պաշտոնական պարտականությունները կատարելու:
Վարձկանության հասարակական վտանգավորությունը կայանում է նրանում, որ այս մարդկանց որոշ մասը որպես գոյության աղբյուր ընտրում է պետության կողմից իրականացվող զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին մասնակցությունը, որի քաղաքացին չի հանդիսանում և այնտեղ էլ չի ապրում: Այսպիսի գործողությունները խորապես անբարոյական են և վտանգավոր են նրանով, որ մարդկային հասարակության շրջանում ձևավորվում է մարդկանց մի խումբ, որոնց մասնագիտական զբաղմունքը ակնհայտորեն դառնում է սպանությունը:
Վարձկանությունը արգելվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագրով. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ այն կազմակերպություններից, որոնք խրախուսում են մարդկանց անկանոն ուժերին կամ զինված խմբերին, այդ թվում վարձկաններին մեկ այլ պետության տարածք ներխուժելու համար»:
Այս հանցագործության համար ուղղակի օբյեկտ է հանդիսանում պետությունների և ժողովուրդների անվտանգությունը: Վարձկանների նպատակայնությունը բնութագրվում է կատարվող գործողություններով, որոնցում արտահայտվում են նրանց դիրքորոշումները: Իսկ ՀՀ-ի քրեական օրենսգրքի մի շարք մեկնաբանություններում վարձկանության օբյեկտ է հանդիսանում հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են վարձկանության միջազգային իրավական արգելման ապահովմանը։ Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ Ղազախստանի տեսանկյունը առավել ընդունելի է:
Վարձկանների հավաքագրման ժամանակ ընտրվում, վարձվում կամ ներգրավվում են մարդիկ, որոնք պետք է մասնակցեն զինված հակամարտությանը կամ պատերազմական գործողություններին բարձր ֆինանսական պարգևատրման դիմաց: Հավաքագրումը սկսում է վարձկան թեկնածուների որոնմամբ, այնուհետև հոգեբանական ճնշում է գործադրվում նրանց վրա ցանկացած միջոցներով` շանտաժով, խոստումներով, որպեսզի ամեն գնով նրանց ներգրավեն ռազմական գործողություններին: ՀՀ-ում վարձկանի հավաքագրումը բնորոշվում է որպես անձին զինված հակամարտությանը որպես վարձկան ներգրավելուն ուղղված գործունեությունը:
Վարձկանների պատրաստումը կամ ուսուցումը կատարվում է հետևյալ կերպ: Վարձկաններին սովորեցնում են առավել արդյունավետ օգտագործել ժամանակակից զենքն ու զինամթերքը, պայթուցիկ նյութերը, սարքերն ու ռազմական տեխնիկան: Ծանոթացնում են մարտավարության կանոններին տարբեր տեղանքային պայմաններում: Նաև հրահանգներ են տալիս զինված հարձակման ժամանակ: ՀՀ-ում վարձկանի ուսուցումը բնորոշվում է որպես հավաքագրված վարձկանին զինված հակամարտությանը կամ ռազմական գործողություններին նախապատրաստելու գործընթացը:
Վարձկանների ֆինանսավորումը դա նրանց ապահովումն է, ինչպես նաև ընտանիքներին հատկացվող գումարային օգնությունը: Վարձկաններին նյութական աջակցություն հատկացնելու ժամանակ անհրաժեշտ է իմանալ` տվյալ պահին որտեղ են նրանք և ի՞նչի կարիք ունեն սարքավորումներ, հանդերձանք, սնունդ, ռազմական զենք և զինամթերք, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ: ՀՀ-ում վարձկանին ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը հանդիսանում է նրան դրամ, այլ նյութական արժեքներ, զենք, զինամթերք, այլ զինվորական գույք տրամադրելու գործընթացը:
Վարձկանների օգտագործումը զինված հակամարտություններում և ռազմական գործողություններում պայմանավորված է նրանց ուղղակի մասնակցությամբ մարտական և ռազմական բնույթի գործողություններում, ինչպես նաև պատերազմական գոտում: ՀՀ-ում վարձկանին զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում օգտագործելը բնութագրվում է պարտադիր հատուկ իրադրության՝ զինված ընդհարման կամ ռազմական գործողությունների առկայությամբ։
Ըստ Ղազախստանի քրեական օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի հանցագործությունը համարվում է ավարտված կատարման պահից, երբ իրականացվել է օրենքով թվարկված գործողություններից գոնե մեկը: Իրավախախտման սուբեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, քանի որ հանցագործը տեղյակ է, որ ներգրավված է վարձկանների խմբում և դա նրա ցանկությունն է: Տվյալ հանցագործության սուբյեկտ կարող է լինել ցանկանած 16 տարին լրացած ֆիզիկական անձ:
Ղազախստանի քրեական օրենսգրքի 162 հոդվածի 4-րդ մասը նախատեսում է պատասխանատվություն վարձկանների գործողությունների նկատմամբ, ովքեր մասնակցում են զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին, որոնց ընթացքում մարդկային զոհեր կամ այլ ծանր վնասվածքներ են գրանցվում: Ծանր հետևանքները գնահատվում են դատական որոշումներով:
Այսպիսի հանցագործությունների լուծման խնդրում կարևոր դեր ունեն քրեական նորմերը, որոնք տարբեր երկրներում նախատեսում են սույն հանցագործության կատարման համար պատասխանատվության տարբեր պատժաժամկետներ: Գիտնականների կողմից քրեական իրավունքի տեսության հայեցակարգի մոտեցումները տարբեր են:
Շնորհիվ գոյություն ունեցող սահմանումների` հաջողվեց բացահայտել քրեական պատասխանատվության տարբերակման հիմնական հատկանիշները: Նրա էությունը կայանում է պարտականությունների սահմանազատման մեջ: Հիմք է ընդունվում հանցավորի ինքնությունը, բնավորությունը և հասարակական վտանգավորության աստիճանը: Գործընթացը որոշվում է օրենսդիրների կողմից:
Հաշվի առնելով քրեական պատասխանատվության տարբերակման գործընթացը` գալիս ենք այն եզրակացության, որ արդյունքը օբյեկտիվություն է ձեռք բերում քրեական իրավունքի սանկցիայից, որտեղ օրենքը ապահովում է կոնկրետ պատիժը և դրա սահմանները: Ուսումնասիրելով քրեական պատասխանատվության շուրջ ստեղծվող փոխհարաբերությունները անհրաժեշտ է ընդգծել, որ սանկցիան կանխորոշում է պատժամիջոցի տեսակը, չափը և բնույթը:
Ուսումնասիրելով ԱՊՀ և արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերը պարզ դարձավ, որ որոշ երկրներ պատասխանատվության են ենթարկում վարձկանությունը օտար պետության շահերը վնասելու շրջանակներում: Օրինակ, Ճապոնիայի քրեական օրենսգիրք, հոդված 93:
Թուրքիայի քրեական օրենսդրությունը պատասխանատվության է ենթարկում այն անհատին, որ առանց Թուրքիայի կառավարության հաստատման թշնամական գործողություններ է կատարում օտար պետության դեմ: Թշնամի պետությանը տրամադրելու նպատակով զինվորների հավաքագրման դեպքում պատասխանատվությունը իրականացվում է մահապատժի ձևով կամ ցմահ բանտարկություն ծանր աշխատանքով
Մի շարք պետություններ պատասխանատվություն են նախատեսում այն հանցագործությունների համար, որոնցով պատժելի արարքներ են իրականացվում ուղղված ազգային շահերի դեմ: Կան նաև երկրներ, որոնք վարձկանությանը չեն վերաբերում որպես քրեական գործունեության, բայց պատասխանատվություն է սահմանվում ապօրինի զինվորական ծառայության համար: Այդպիսի երկրներից են Ֆրանսիան, Դանիան, Շվեցարիան:
Խոսելով վարձկանության մասին ԱՊՀ պետությունների տարածքում կարող ենք նշել, որ կան բազմաթիվ նմանություններ վերոհիշյալ երկրների հետ: Այստեղ նույնպես իրականացվում է վարձկանների հավաքագրում, պատրաստում կամ ուսուցում, ֆինանսավորում և նյութական աջակցություն, ինչպես նաև զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին մասնակցություն: Սակայն բացի նշված նմանությունները, կան հիմնարար տարբերություններ:
Մասնավորապես, Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154 հոդվածը վարձկանությունը համարում է քրեական հանցագործություն և պատժում է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ, գույքի բռնագրավումով: Ցավոք սրտի, այստեղ էլ օրենքը անհարկի նեղացրել է վարձկանության մեկնաբանման վերոհիշյալ սահմանները: Այստեղ վարձկանները սահմանափակվում են օտարերկրյա պետության դեմ ուղղված զինված հակամարտության և ռազմական գործողություններին մասնակցության նշումով: Բացի այդ կան մի շարք գործողություններ, որոնք չեն քրեականացվում, բայց որոնք ոչ պակաս վտանգավոր են, ինչպես նաև Ուզբեկստանի կոնվենսացիայի վավերացման համաձայն` վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը, վերապատրաստումը:
Եզրակացություն
Այսպիսով, ուսումնասիրելով վարձկանությունը որպես հանցագործություն, վերլուծել այն որպես պատմական հասկացություն, համեմատական-իրավական վերլուծություն կատարելով ՀՀ և արտասահմանյան երկրների քրեական օրենսդրությունների միջև, կատարեցինք ներքոշարադրյալ եզրահանգումները: Վարձկանությունը հանցագործություն է, որը իրականացված է համարվում վարձկան հավաքագրելու, ուսուցանելու, ֆինանսավորելու կամ նյութապես ապահովելու արդյունքում: Վարձկանությունը դրսևորվել պատմական տարբեր ժամանակաշրջաններում՝ անցնելով պատմական զարգացման երեք փուլ: Վարձկանությունը ներկայումս ևս արդիական է, դրսևորվում է ռազմական կազմավորումների ձևով, որոնք ստանձնում են միևնույն գործողությունների կատարումը: ՀՀ քրեական օրենսգիրքը վարձկանության համար սահմանում է երեքից յոթ տարի ազատազրկում:
Վարձկանության օբյեկտը հանդիսանում են հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են վարձկանության միջազգային իրավական արգելման ապահովմանը: Հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարմամբ՝ վարձկանի հավաքագրումը, վարձկանի ուսուցումը, վարձկանին ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, վարձկանին գինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում օգտագործելը։ Այս հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ։ Հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը։
Եզրափակելով աշխատանքը ` նշենք, որ այստեղ ներկայացրինք ԱՊՀ և արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերում առկա վարձկանության վերաբերյալ հոդվածները, վարձկանության նկատմամբ կիրառվող քրեական վերլուծությունները, ինչպես նաև տվյալ հարցի կարգավորման վերաբերյալ համեմատական վերլուծություններ ներկայացրինք:
Ներկայացված երկրներում հիմնականում տարբերվում էր վարձկանության նկատմամբ կիրառվող պատժաժամկետները: Նմանությունը նրանում էր, որ հիմնականում ուսումնասիրված երկրներում վարձկանությունը ուներ միևնույն բնութագիրը, այսինքն` վարձկաններին հավաքագրում, վերապատրաստում, ֆինանսավորում և նյութական աջակցություն են ցույց տալիս և նրանց հատկապես օգտագործում են զինված հակամարտություններում և ռազմական գործողություններում, նրանք չունեն բնակության մշտական վայր:
Օգտագործված գրականության ցանկ
1. «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (Հատուկ մաս)»// խմբ.՝ պրոֆ. Գ.Ս. Ղազինյանի, Երևան, ԵՊՀ հրատ., 2009թ.
2. Алибаева, Г. А. «История наемничества: криминологический аспект» / Г. А. Алибаева // Вестник Астраханского государственного технического университета. - 2007. - N 3 (38)
3. Большая советская энциклопедия / Под ред. А. М. Прохорова. – Т. 17. – М.: Сов. энцикл., 1974
4. Кибальник А. Г., Молибога О. Ю., Соломоненко И. Г.« Уголовная ответственность за наемничество». – Ставрополь: Ставропольсервисшкола, 2001г.
5. «Комментарий к Уголовному Кодексу Республики Казахстан (Особенная часть), 2-е издание.// Под редакцией И.Ш. Борчашвили, Алматы «Жетiжаргы» 2007г.
6. Шандиева H.O. Правовые аспекты противодействия наемничеству в странах СНГ // "Черные дыры" в Российском Законодательстве. М., 2005г.
7. Трикоз E.H. Преступления против мира и безопасности человечества в новых уголовных кодексах государств — участников Содружества Независимых государств // Правоведение. № 6.2003г.
8. ՀՀ քրեական օրենսգիրք
9. Уголовный кодекс Российской Федерации
10. http://iravaban.net/33019.html