diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Արտաթորության համակարգի նշանակությունը. արտաթորության համակարգի կառուցվածքը, զարգացման տարիքային առանձնահատկությունները և հիգիենան

Արտաթորության համակարգը դասվում է օրգան-համակարգերի թվին: Օրգանները, որոնք օրգազիզմի առանձացված հատվածն են, ունեն որոշակի ձև, տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա, օրգանիզմում խմբավորում են օրգան համակարգերում:
Օրգան համակարգը ընդհանուր ծագում ունեցող և միևնույն ֆունկցիա կատարող օրգանների խումբ է: Ողջ օրգանիզմում գոյություն ունեն 8 օրգան համակարգեր՝ հենաշարժական, նյարդային, ներզատական, սիրտանոթային, մարսողական, միզային և արտաթորության, սեռական, զգայական: Սույն աշխատանքի ուսումնասիրման օբյեկտ է համարվում թվարկված օրգան – համակարգերից կարևորագույններից մեկը՝ արտաթորության համակարգը:
Արտաթորության գործընթացների առաջնային և կարևոր նշանակությունը դրսևորվում է նրանում, որ այդ գործընթացների արդյունքում պահպանվում է օրգանիզմի ներքին միջավայրի մշտակայունությունը:
Ներքին միջավայրի՝ արյան, ավշի և միջհյուսվածքային հեղուկի մեջ վերջնական արգասիքները գոյանում են նյութափոխանակության գործընթացում: Այդ արգասիքները լինում են գազային, հեղուկ և պինդ վիճակում: Օրգանիզմը վերոշարադրյալներից ազատվում է արտաթորման կամ այլ կերպ ասած, էքսկրեցիայի միջոցով: Արտաթորության գործընթացները օրգանիզմում կրում են անընդհատ բնույթ:
Նյութափոխանակության գործընթացին բնորոշ են բազմապիսի և բազմաթիվ էքսկրետներ, որոնք արյան հետ տեղափոխվում են արտաթորության օրգաններ: Օրգանիզմի ստացած աղերի մեծամասնությունը և ջուրը արտաթորվում են առանց փոփոխության ենթարկվելու:
Կան նյութեր, որոնք արյան մեջ գտնվում են որոշակի կոնցետրացիաների հավելումով: Նշված նյութերի ավելցուկների արտաթորությունը օրգանիզմից սկսվում էր միայն այն ժամանակ, երբ նրանց պարունակությունը արյան մեջ սկսում է գերազանցել տվյալ օրգանիզմի համար նախատեսված նորմալ մակարդակը: Նյութերի մեկ այլ մաս համարյա ամբողջովին արտաթորվում է առանց փոփոխության ենթարկման:
Երիկամներն ու քրտնագեղձերը համարվում են արտաթորության հատուկ օրգաններ: Արտաթորությանը մասնակցում են նաև թոքերը, թքագեղձերը, ստամոքսը, լյարդը և աղիները:
Կղանքային զանգվածի հետ մեկտեղ օրգանիզմից վտարվում են ոչ միայն սննդի չմարսված մնացորդները, այլ նաև մարսողության ուդու խոռոչի մեջ արտաթորվող արտազատուկները։ Կղանքը արտաթորվում է այն դեպքում, երբ աղիներում բացակայում է սնունդը, այսինքն տևական քաղցի զգացողությունից հետո: Այս փաստն ինքնըստինքյան վկայում է այն մասին, որ մարսողական օրգանները մասնակցում են արտաթորման գործընթացին:
Թոքերի, թքագեղձերի, ստամոքսի, լյարդի և աղիների արտաթորիչ գործառույթը կարող է մեծ նշանակություն ունենալ օրգանիզմից արտաթորվող փոխանակության վերջնական արգասիքների հաշվեկշռում: Այնուամենայնիվ, արտաթորության համակարգում կարևորագույնդերը պատկանում է երիկամներին, իսկ երկրորդ հերթին՝ քրտնագեղձերին:
Ինչպես նշեցինք արտաթորության համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները՝ միզածորանները, միզապարկը, միզուկը։ Երիկամները զույգ են՝ տեղակայված են որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակում։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից։ Երիկամն ունի դրսային՝ կոր և միջային՝ գոգ եզրեր։ Միջային մասում գտնվում է երիկամի դրունքը, որով մտնում են զարկերակը, նյարդերը, դուրս են գալիս միզածորանը, երակը, ավշային անոթները։ Երիկամներն արտաքինից ծածկված են շարակցական հյուսվածքից կազմված պատյանով, որը նրանց պահում է անշարժ վիճակում։ Երիկամները լոբաձև են, նրանց երկարությունը 10-12 սմ է, իսկ լայնությունը՝ 5-6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ։
Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը։
Երիկամների կտրվածքի վրա առանձնացնում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ։ Միջուկային շերտը կազմված է բրգաձև կազմավորումներից։ Յուրաքանչյուր բուրգի լայն մասը (հիմքը) ուղղված է դեպի կեղևային շերտը, իսկ նեղ մասը (բուրգի գագաթը) ուղղված է դեպի երիկամային կենտրոնում գտնվող ավազանը։ Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է։ Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն։
Նեֆրոնները կազմված են երիկամի կեղևային շերտում տեղակայված՝ գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է էպիթելային հյուսվածքի երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը։ Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս, իսկ այնտեղից՝ երիկամային ավազան։
Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով։ Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ։
Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո ճյուղավորվում է, առաջացնելով մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատվում են ոլորուն խողովակները։ Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ։ Այսպիսով՝ երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ։ Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում։
Երիկամային մարմնիկները բարդ կենսաբանական ֆիլտրեր են, որոնց ֆիլտրող մակերեսը կազմում է մոտավորապես 5-6 մ2։ Երիկամների միջոցով յուրաքանչյուր րոպեում հոսում է օրգանիզմի ամբողջ արյան 1/5-ը։ Երիկամներն արյուն են ստանում որովայնային աորտայից։
Միզագոյացումն իրականանում է երիկամային մարմնիկի պատիճում կծիկի մազանոթների և պատիճի պատերի միջև, որոնք ֆիլտրի դեր են կատարում: Պատիճի մազանոթներում արյան ճնշումն ավելի բարձր է, քան մարմնի մյուս մազանոթներում, որի պատճառով ֆիլտրման ուժն ավելի մեծ է, և պատիճի խոռոչի մեջ է անցնում արյան պլազման իր բաղադրամասերով, բացի սպիտակուցներից: Ֆիլտրված հեղուկը կոչվում է առաջնային մեզ:
Օրական առաջանում է 150-170 առաջնային մեզ: Այն պատիճից անցնում է միզային խողովակի մեջ: Նրանց բարակ պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջանային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ: Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշները՝ մասնակի, իսկ երրորդները (օրինակ միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը, որը հոսում է բրգի խողովակի մեջ և պտկիկների անցքով լցվում բաժակների և ապա՝ երիկամի ավազանի մեջ: Երիկամային մարմնիկի խողովակի մեջ կարող են արտազատվել նաև օրգանիզմ մտած դեղանյութեր, ներկեր և այլն: Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,5-2 լ երկրորդային մեզ:
Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96 %-ը ջուր է, իսկ 4 %-ը չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութ, միզաթթու, ֆոսֆատներ և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը:
Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ:
Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում: Ներսից մակերեսը ծածկված է լորձաթաղանթով: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:
Երիկամների աշխատանքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով: Այդ համակարգի սիմպաթիկ բաժնի ազդեցությամբ ուժեղանում է ջրի հետ ներծծումը, որի հետևանքով մեզը պակասում է: Դա տեղի է ունենում երբ օրգանիզմում առկա է ջրի պակաս: Վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժինը թողնում է հակառակ ազդեցություն: Միզագոյացման հումորալ կարգավորումը իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը:
Երիկամներում միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ, իսկ միզարձակումը ընդհատ պրոցես է, կատարվում է պարբերաբար: Միզապարկի մեջ 200-300 մլ մեզ լցվելու դեպքում ձգվում են նրա մկանային պատերը: Լորձաթաղանթում տեղավորված ընկալիչների գրգռումից ռեֆլեքսորեն կծկվում են նրա պատերի մկանները և թուլանում սեղմանների մկանները, որը հանգեցնում են միզարձակման:
Միզարձակման ռեֆլեքսային կենտրոնը տեղավորված է ողնուղեղի սրբանային հատվածում, որի գործունեությունը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի միզազատման կենտրոնի հսկողության ներքո: Այդ կենտրոնի գործունեության շնորհիվ մարդն ընդունակ է գիտակցորեն պահել կամ իրականացնել միզարձակումը: Միզարձակման ողնուղեղային կենտրոնի որոշ ախտահարումների դեպքում միզարձակումը խանգարվում է:
Այժմ անդրադառնանք արտաթորության համակարգի տարիքային առանձնահատկություններին:
Նախածննդյան շրջանում թոքերը արտաթորության գործառույթ չեն կատարում, իսկ երիկամների դերը որպես արտաթորության օրգան բավականին նվազ է: Ծննդյան պահին վերջինիս կառուցվածքը, ինչպես նաև գործառույթները դեռևս անկատար են: Երիկամները սկսում են գործել պտղի ներարգանդային զարգացման 9-րդ շաբաթից: Չնայած այն հանգամանքին, որ զարգացող օրգանիզմի երիկամը սկսում է գործել շատ վաղ, այնուամենայնիվ նեֆրոնները շարունակում են ձևավորվել ներարգանդային զարգացման ողջ ընթացքում:
Առաջացող մեզը բավականին քիչ քանակությամբ է, օստոմիկ ճնշումը ցածր է: Ներարգանդային զարգացման հինգերորդ ամսում մեզի քանակությունը կազմում է 2,2 մլ, իսկ ծննդյան պահին հասնում է 26,7 մլ:
Ծննդյան պահին երիկամների զանգվածը կազմում է ողջ մարմնի զանգվածի 0,5–0,6 %, իսկ մեծահասակաների մոտ՝ 0,36 %: Այն գրեթե ամբողջությամբ ձևավորված է բացի Հենլեի հանգույցից, որը մինչ ծննդյան պահը կարճ է, ինչն էլ հանդիսանում է նորածինների մոտ երիկամի գործառույթների ամբողջականության բացակայության պատճառ:
Երեխայի ծնունդից հետո նեֆրոնների ձևավորումը դեռևս շարունակվում է մինչև հետծննդյան շրջանի 3-րդ շաբաթը: Երիկամների հետագա աճը տեղի է ունենում կյանքի բնականոն զարգացման ընթացքում: Նեֆրոնները օրգանիզմում տեղակայված են առավել կոմպակտ ձևով: Միևնույն հատվածում նորածնի մոտ առկա է 50, 7-8 ամսեկան երեխայի մոտ 18-20, մեծահասակի մոտ՝ ընդամենը 8 կծիկ: Նորածինների նեֆրոնները ունեն մորֆոլիգիական անկատարություն՝ կծիկների դիամետրը փոքր է, էպիթելերը, որոնք ծածկում են կծիկները, հարթ չեն (մեծահասակների մոտ դրանք հարթ են):
Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ երիկամների առավել ինտենսիվ զարգացում գրանցվում է կյանքի առաջին տարում և սեռական հասունացման շրջանում: Նորածինների մոտ ամբողջ մարմին զանգվածի և երիկամի զանգվածի հարաբերակցությունը կազմում է 1:133, մեծահասակի մոտ՝ 1:200: Ծննդյան պահին երիկամների զանգվածը մոտավորապես 11 գրամ է, 6 տարեկան հասակում՝ 112 գրամ, 14 տարեկանում՝ 233 գրամ: Երիկամների զանգվածի առավելագույն ցուցանիշը գրանցվում է սեռական հասունացման շրջանում:
Ի տարբերություն մեծահասակների՝ նորածինների մեզում պարունակվում է կրեատին: Տղա երեխաների մոտ դա կարող է ի հայտ գալ 6 տարեկանում, իսկ աղջիկների մոտ սեռային գիտակցման շրջանում: Բացի կրեատինը նորածինների մեզում առկա է միզաթթվի մեծ, հանքային և ազոտական նյութերի նվազ քանակություն: Ընդհանուր առմամբ նորածինների մեզում ազոտական հանքանյութերի քանակությունը 5 անգամ ավելի քիչ է, քան մեծահասակների մոտ, որը հատկապես պայմանավորված է միզաթթվի քիչ քանակությամբ:
Չափահաս մարդու մեզը խառը բնույթի սննդակարգի պայմաններում թույլ թթվային կամ չեզոք է (pH-y` 5,0–7,0 միջակայքում, միջինը՝ 6,0): pH=7,0 դեպքում առկա է չեզոք միջավայր: Որքան pH-ի մակարդակը 7,0-ից ցածր է, այդքան մեզը թթվային է, և հակառակը՝ որքան 7,0-ից բարձր է, այդքան հիմնային է:
Սննդի բնույթից կախված մարդու մեզի ռեակցիան կարող է փոփոխվել սկսած pH=4,5-ից մինչև pH=8,0: Սպիտակուցային սնունդ և ճարպեր օգտագործելիս (միս, սպիտակ հաց) մեզի թթվայնությունն աճում է: Մրգերը, բանջարեղենները, սև հացը և կաթը, ընդհակառակը, նպաստում են մեզի հիմնայնացմանը:
Նորածինների մեզը թթվային է (pH 5,4-5,9), իսկ անհաս նորածինների մոտ՝ էլ ավելի թթվային (pH 4,8-5,4): Ծնվելուց 2-4 օրվա ընթացքում նորածնի մեզի pH-ը սկսում է արագ աճել, և կրծքով կերակրման ժամանակ հասնում մինչև 6,9-7,8, իսկ արհեստական կերակրման դեպքում՝ 5,4-6,9: Նորածիններին օրեկան բաժին է ընկնում 50-60 մլ մեզ մարմնի մեկ կգ հաշվով, ինչը երկու անգամ ավելի շատ է քան մեծահասակների մոտ՝ 1 կգ-ին օրեկան 20-30 մլ:
Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաների մոտ սահմանափակ է մեզը կենտրոնացնելու կարողությունը: Երեխաները, ովքեր սնվում են մայրական կաթով, արտաթորում են հիպոտոնիկ մեզ, իսկ կովի կաթով սնվողները՝ հիպերտոնիկ, քանի որ կովի կաթը առավել հարուստ է սպիտակուցներով, քան մայրականը: Երիկամների ձևավորման գործընթացում մեզը կենտրոնացնելու հնարավորությունը հասնում է մեծահասակի մակարդակի միայն կյանքի երկրորդ տարում:
Երեխաների արտաթորած մեզի քանակը 1մ2-ով ավելի շատ է, քան մեծահասակների մոտ, իսկ կրծքի երեխաների մոտ գերազանցում է 2-3 անգամ: Պատճառը նյութափոխանակության և սննդառության ինտենսիվ գործընթացն է: Մեզի քանակի վրա ազդում են նաև ջերմաստիճանը, օդի խոնավությունը, հագուստը, երեխայի տեղաշարժը:
Միզարձակությունը կրծքի երեխաների մոտ օրեկան 15 անգամ է, 2-3 տարեկան հասակում 10 անգամ, դպրոցական և դեռահասության շրջանում՝ 6-7 անգամ օրեկան: Հաճախակի միզարձակությունների պատճառ է հանդիսանում միզապարկի փոքր ծավալը: 1 տարեկան երեխաների մոտ այն հավասար է 200 մլ, 10 տարեկանում այն 600 մլ է, 12 տարեկանում՝ 1000մլ: Ընդ որում միզարձակությունը պարտադիր չէ, որ կատարվի միայն լիքը միզապարկի դեպքում: Սովորաբար, 1 տարեկան երեխաների մեկ միզարձակության դեպքում արտաթորվում է 60 մլ մեզ, 7-8 տարեկանների մոտ՝ 150 մլ, 10-12 տարեկանում՝ 250 մլ:
3 տարեկանից բարձր երեխաների 5-10 % -ի մոտ նկատվում է գիշերամիզություն, որը պայմանավորված է երեխայի կյանքի ոչ ռացիոնալ ռեժիմով, նյարդա-հոգեբանական համակարգի խանգարումներով: Ընդ որում գիշերամիզություն առավել հաճախ նկատվում է տղաների, քան աղջիկների մոտ և դադարում է մինչև սեռային գիտակցման շրջան:
Արտաթորության համակարգին սպառնացող հիվանդությունները անհրաժեշտ է կանխել՝ իրականացնելով համապատասխան միջոցառումներ և պահպանելով հիգիենան:
Երիկամներն օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են: Միզագոյացումից բացի մասնակցում են օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը, սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խթանում են արյունաստեղծմանը, բարձրացնում արյան ճնշումը և օրգանիզմի դիմադրողականությունը: Երիկամների ֆունկցիաների խախտման կամ դադարի դեպքում նյութափոխանակության միջանկյալ և վերջնական արգասիքները կուտակվում են արյան մեջ, թունավորում օրգանիզմը, որը հաճախ հանգեցնում է մահվան: Երիկամները չափազանց զգայուն են վարակիչ հիվանդությունների հարուցիչների, սնդիկի, կապարի, բենզոլի, կենդանիների թույների նկատմամբ: Դրանք հեռանում են երիկամներով և թունավորում նրա բջիջներին,խախտում նրանց ֆունկցիան:
Երիկամների ֆունկցիաների խանգարում կարող են առաջացնել նաև չչափավորված և առանց բժշկի նշանակման ընդունած դեղանյութերը: Հանքային փոխանակության խանգարումներից,դեղանյութերի կուտակումներից երիկամներում և միզային ուղիներում կարող են առաջանալ «քարեր», որոնք միզագոյացման և միզարձակման խանգարումների պատճառ են դառնում: Առավել վնասակար ազդեցություն է թողնում ալկոհոլը: Այն քայքայում է երիկամի էպիթելային բջիջները և հանգեցնում նրա ֆունկցիաների խանգարման:
Երիկամների էպիթելի վրա վնասակար ազդեցություն ունեն նաև կծու կերակուրները,որոնք առաջացնում են երիկամների հիվանդություններ:Երիկամների և միզային համակարգի մյուս օրգանների հիվանդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնները:
Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը, նշենք, որ արտաթորության համակարգը հանդիսանում է օրգան-համակարգերից կարևորագույններից մեկը: Արտաթորման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները՝ միզածորանները, միզապարկը, միզուկը: Այս օրգանների միջոցով օրգանիզմից հեռանում են նյութափոխանականության արգասիքները՝ արդյունքում պահպանելով ներքին միջավայրի կայունությունը:
Ինչպես ցանկացած օրգան-համակարգի գործընթաց, այս համակարգը ևս տարիքի հետ կապված ենթարկվում է մի շարք փոփոխությունների: Դա հատկապես կապված է երիկամների գործողության, միզագոյացման և միզարձակման հետ:

Էջ - Գին - Պատվիրել