Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Հիպոկրատ-Գալենի խառնվածքի տեսությունը և ժամանակակից պատկերացումները խառնվածքի տիպերի մասին
Խառնվածքը շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։
Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար
Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։
Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։
Սանգվինիկները, ըստ հումորալ տեսության, բնութագրվում են հեշտ գրգռողականությամբ և հետաքրքրության արագ փոփոխմամբ, հետաքրքրությունները թույլ են արտահայտվում, ի տարբերություն խոլերիների, որոնք սանգվինիկներից տարբերվում են հետաքրքրությունների խորությամբ և ուժեղությամբ։ Ֆլեգմատիկները և մելանխոլիկները ունեն կայուն, բայց ցածր գրգռողականություն, սակայն առաջինների մոտ հետաքրքրությունները թույլ են, իսկ մելանխոլիկների մոտ՝ ուժեղ։ Այս տիպերը իրենց անվանումները ստացան Հիպոկրատի առաջադրած հեղուկներից, և չնայած որ, վաղուց արդեն հումորալ տեսությունը կորցրել է իր ակտուալությունը և համարվում է թյուր, դրանք մինչև այժմ օգտագործվում են և հետագայում կատարված տիպաբանական բաժանումները որոշ գործոններով համընկնում են հումորալ տեսության հետ։ Դա բացատրվում է նրանով, որ խառնվածքին վերագրվող որոշ հատկություններ կախված են հումորալ համակարգի ֆունկցիոնալ առանձնահատկություններից, որով էլ մասամբ պայմանավորված է արյան բաղադրությունը։
Ի.Կանտը առաջինն էր, որ խառնվածքը սահմանեց հոգեբանորեն՝ որպես անձի հոգեկան հատկություն։ Նա առաջնային նշանակություն էր տալիս արյան անհատական առանձնահատկություններին և համարում էր, որ դրանք են խառնվածքի հիմք հանդիսանում։ Ռուս մանկավարժ և բժիշկ Պ.Ֆ.Լեսգաֆտը խառնվածքի տիպերը կախված են արյան հոսքի արագությունից և ուժից, հետևաբար նաև արյունատար համակարգի կազմվածքից։
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
• Զգայունությունը
• Ռեակտիվությունը
• Ակտիվությունը
• Ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը
• Գործողությունների տեմպը
• Ճկունությունը կամ կոշտությունը:
Ցանկացած խառնվածքի դրսևորումները բավականին բազմազան են և արտահայտվում են ոչ միայն` վարքի մեջ, այլև մարդու ճանաչողական գործունեության և հուզական ոլորտի մեջ: Բոլոր խառնվածքների տիպերն ունեն իրենց հոգեբանական բնութագրերը:
Սագվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այդպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ:
Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ` հատուկ նշանակության զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:
Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուստ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումներ: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերատարությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությանը` ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի: Ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողությունների ժամանակ, օրինակ, արտակարգ դիպուկահարներ են:
Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
Նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում «մաքուր» տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի` իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ-որ մեկը մելանխոլիկ է, ապա նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ, նա օժտված է և՛ խոլերիկի, և՛ սանգվինիկի, և՛ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվածքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարդուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացվածության մակարդակը, բարոյական որակները: Հաշվի առնելով այս ամենը` երբեք չպետք է շտապել եզրակացություններ անել այս կամ այն մարդու մասին, առավել ևս բարձրաձայն արտահայտել դեռևս չհիմնավորված կարծիքը:
Եթե մարդը պատկանում է մելանխոլիկ խառնվածքի տիպին, ապա դա առաջին հերթին նշանակում է, որ նա ունի բարձր զգայունություն: Եվ նման մարդու նկատմամբ հնչած թեկուզ և անմեղ կատակը ընկալվում է` որպես վիրավորանք:
Եթե մարդու խառնվածքը բնածին է, ապա բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում: Մարդու բնավորությունը նրա անհատական հոգեկան հատկությունների համագումարն է, որն արտահայտվում է նրա գործունեությամբ և վարքի ձևերով: Բնավորությունը միշտ արտահայտվում է գործունեության, արտաքին միջավայի նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի մեջ: