diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ռազմահայրենասիրական դաստիարակության տեսական հիմքերը

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը երեխայի մեջ արմատավորելու հարցում առանձնահատուկ տեղ է հատկացվում դպրոցին և ընտանիքին: Դպրոցում հնարավորություն է ստեղծվում տարբեր առարկաների դասավանդման միջոցով հասնել այն արդյունքին, որ երեխայի ներսում ամրապնդվում են ռազմահայրենասիրական դաստիարակության դասերը:
Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, սիրո զգացմունքն արմատավորելու և որպես հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար: Այս հարցն էլ ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօր ակներև է ավանդական հայրենասիրական գիտակցության մակարդակի նվազումը:
Հայրենիքը միայն հողն ու ջուրը չի, որ արժանի է և ենթակա պաշտպանության նրա զավակների կողմից: Հայրենիքը նաև մի մեծ տուն է, ընտանիք, որի հետ մարդը պետք է աշխատի և որին պետք է ծաղկեցնի, ղեկավարի և դարձնի բարեկեցիկ և արժանավայել ապրելու տեղ: Հայրենիքը պիտի լինի այն վայրը, որտեղ ապրելը յուրաքանչյուր անձի համար պատիվ լինի:
Դպրոցական ծրագրում ներառված, դեռահասի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության արմատներ ձգող առարկաները դասավանդող ուսուցիչները առանձնակի ուշադրություն են դարձնում այդ առարկաների ուսումնաակն ծրագրերում տեղ գտած այնպիսի թեմաների, որոնց միջոցով կարելի է անդրադառնալ գրականության, պատմության մեջ հայտնի հերոսների, որոնցից կարելի է քաղել ռազմահայրենասիրության դասեր և ովքեր դիրքորոշումներ են արտահայտել տվյալ գծով: Այդպիսի հերոսների թվին են դասվում Գևորգ Մարզպետունին (Մուրացան, 1988թ.), Գարեգին Նժդեհ, ում ստեղծագործությունների և տարբեր հարցերի շուրջ արտահայտված կարծիքների վերաբերյալ առկա են բազմաթիվ նյութեր և հրատարակված գրքեր:
Մուրացանը միշտ էլ հետաքրքված է եղել հայ ժողովրդի հերոսական պատմությունով: Գրելով շատ վեպեր և վիպակներ, իր ստեղծագործություններում նա ձգտել է ռազմահայրենասիրական, ազատասիրական ոգի ներշնչել ժամանակի դեռահասությանը: Մուրացանի երկերի մեջ գեղարվեստական ուժով առանձնանում է «Գևորգ Մարզպետունի» վեպը, որտեղ նկարագրվում են 10-րդ դարի իրադարձությունները:
Պատմավեպում նկարագրվում է հայ ժողովրդի վերջին հաղթական կռիվները արաբական զավիչների դեմ: Աշոտ Երկաթի իշխանության ամենադժվար ժամանակ, երբ արաբները պատրաստվում էին վերջին հարվածը տալ հայ պետականությանը, Գևորգ անունով մեկը քսանմեկ զինվորներով կռվում է արաբ զորավար Բելիրի դեմ և հաղթանակ տանում: Այս փոքրիկ փաստը, Մուրացանը դարձրել է վեպի հիմնաքար` ստեղծելով Գևորդ Մարզպետունու կերպարը:
Իսկ ինչումն է կայանում նրա հիմնական դերը ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ: Գևորգ Մարզպետունին երիտասարդ սերնդին հիմնականում գրավում է իր իմաստությամբ և քաջությամբ: Նրա ցանկացած խոսքում դրսևորվում է նրա մեծ խելքը և տարիների կենսափորձը:
Մարզպետունու կրթված լինելու փաստը, Հոմերոսի հերոսների մտքերի և գործերի գիտելիքները ուսուցիչների կողմից անընդհատ մատնանշվում են, ինչի հիմքով էլ դեռահասները ձգտում են որքան հնարավոր է շատ տիրապետել ռազմական գիտելիքների:
Մարզտպետունին հոգեպես հարուստ էր և հայրենասեր: Սիրում էր անձանց ովքեր անձնվիրաբար ծառայում էին հայրենիքին:
Մուրացանը Գևորգ Մարզպետունու կերպարը ներկայացնելիս հիմքը դրել է ընտանիքի վրա: Վեպի տարբեր մասերում մենք հանդիպում ենք Գևորգ Մարզետունու կողմից հնչած, ներկայումս թևավոր խոսքերի վերածված արտահայտություններ, որոնցում նա կարևորում է ընտանիքի մասնակցությունը նրանից դուրս եկած զավակի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Մարզպետունին ամուր ընտանիքը համարում էր ազգի գոյության հիմքը, երկրի շահը առավել բարձր էր դասում, քան անձնական երջանկությունը, հաճույքներից, սիրուց և բարեկամությունից:
Մարզպետունին համարում էր, որ իսկական մարդը պետք է լինի հայրենիքի ծառան և զինվորը և չէր խնայում անգամ իր որդուն` Գոռին: Գոռը հոր պահանջով 20 քաջերի հետ մեկնում է Բեշիրի բանակի դեմ մարտնչելու, մտածելով, որ իր որդին որևէ մեկից առավել չէ և որ նրանք էլ ունեն մայրեր: Սույն փաստը ռազմահայրենասիրության ոգով է ոգեշչում ոչ միայն դեռահասների ոգին, այլև ծնողների:
Ինքը Մարզպետունին, ընտանիքը համարելով կայուն պետության հիմնաքար, ուխտ էր արել չվերադառնալ ընտանիքի գիրկը, քանի դեռ վերջին հագարացին չի հալածվել հայրենիքի սահմաններից: Կարևորվում է նաև այն, որ լինելով բիրտ թշնամիների հանդեպ, Մարզպետունին նրանցից էապես տարբերվում է իր վեհանձնությամբ և անխարդախ հոգով: Մարզպետունին օժտված է հերոսական գծերով, ունի հզոր բնավորություն:
Մարզպետունու կերպարը ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ կարևորվում է այն փաստով, որ օժտված լինելով անհատական յուրահատուկ գծերով` նա զգում և անձնապես կարեկցում էր Ցլիկ Ամրամին և Սևադային, բայց հայրենիքի շահը ստիպում է նրան սթափ հայացքով նայել իրադարձությունների զարգացմանը: Մարզպետունին քաջ գիտակցում է նաև Աշոտ Երկաթի սիրո ողբերգությունը, սակայն չի կարողանում ներել նրան, քանի որ Աշոտի և իր նմանների կրքով կուրացած վարքը կործանում է երկիրը, տառապանք է բերում ժողովրդին:
Կարևորվում է նաև Գևորգ Մարզպետունու մահվան պահի նկարագրությունը: Մահից հետո էլ նա ցնկանում է օգտակար լինել հայրենիքին: Մեջբերում եմ նրա խոսքերը` «Ամփոփիր ինձ Միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ Բռնավորի շիրիմին»: Վերոնշյալ բոլոր արժանիքների շնորհիվ «Գևորգ Մարզպետունի» վեպը ոչ միայն իր ուրույն տեղն է գրավում հայ գրականության լավագույն երկերի շարքում, այլև դպրոցական ծրագրում լայնորեն օգտագործվում է դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Ռազմահայրենասիրական դաստիարակության տեսական հիմքերի կարևոր է տեղ է հատկացվում նաև Գարեգին Նժդեհի գաղափարների ուսումնասիրությանը:
Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով: Վերջին հանգամանքը նրա կերպարն ամբողջության մեջ պատկերացնելու հնարավորություն չի տալիս, ուստի չի գիտակցվում նրա հոգևոր ժառանգության վիթխարի նշանակությունը: Այնինչ, ինչպես իրավացիորեն նշում է ակադեմիկոս Լ.Խուրշուդյանը, Խորենացուց և Ադոնցից հետո ազգային գաղափարաբանության, ռազմահայրենասիրության հիմքերի ստեղծման մեջ մեծագույն ավանդը պատկանում է Նժդեհին:
Ազգի մտավորականի սրբազան պարտականությունը ժողովրդի պատմության հոգևոր կյանքը ներկայացնելն է` լինի հնագիտական պեղումների միջոցով մշակույթի հանգրվանների, թե համեմատական լեզվաբանության հնարներով լեզվի, ասել է թե՝ գիտակցության, նրա ոգու հասակի ճշգրտումը, ինչպես նաև մարդկության մեծ ընտանիքում նրա տեղի բնորոշումը: Նժդեհը հատկապես կարևորում է ավանդությունների, առասպելների, էպոսի՝ արդիական իմաստասիրության լույսի ներքո քննարկումը: Այս ամենը խիստ կարևոր է նոր կյանքը մտնող և հայրենիքի պաշտպանությունը իր ուսերին կրող երիտասարդին իր արժեքները ներկայացնելու, սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելու, հետևաբար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ունենալու առումով: Նժդեհը գործածում է «բարոյական հերոսություն» եզրը` ամենաանմարդկային տառապանքների մեջ իսկ ժպտալու կարողությունը և այն իբրև բարձրագույն պատվանշան կրելը:
Եվ միանգամայն իրավացի է Նժդեհը, թե սովորաբար «իրենց դիրքերի վրա վտանգի պահին մնում են զորավորները միայն»: Եվ եթե այդպիսի պահ լինում է, ապա ժողովուրդն ու առաջնորդը գտնում են իրար, «ամբողջանում էութենական միասնության մեջ… նման պահերին է սրբազնանում ապրումը, խոսքը, գործը. ես տեսել եմ մեր ժողովրդին նման հոգեվիճակում, տեսել նրան իր բիբերի մեջ, տեսել խռովքոդ տողանցն իր սերունդներին, տեսել ռազմի իր սուրբերին և գայլերին` Վարդաններին ու Վահաններին»,- հպարտորեն նշում է նա՝ իրեն իրավունք վերապահելով պնդելու, թե գիտի ինչ է հայը, նրա զորույթը:
Նժդեհի որակմամբ ազգի հիմնական խնդիրներից մեկը ներկան հասկանալով ապագան կանխագուշակելն է, որը հիմնվում է ազգի՝ որպես ամբողջական օրգանիզմի, էաբանական ճանաչման վրա։ Դեռահասի մոտ, թերևս, կարևոր է այն գիտակցումը, որ ազգը ամբողջական օրգանիզմ է:
Նժդեհը գտնում է, որ մարդն ինքնաճանաչմամբ կարող է Սոկրատես դառնալ, «Ոգու Սոկրատեսյան մշակույթը» նա համարում է մերօրյա աշխարհի անհրաժեշտություն։ «Արիական խոյանքը» տրվում է այն անձին, որի միտքը, կամքը և սիրտը ներդաշնակ են գործում։ Խոյանքն իրականացվում է այն դեպքում, երբ առաջնորդին հաջողվում է «հավաքական սիրտ (կամ գիտակցություն) ստեղծել»։
Նժդեհի համոզմամբ, դեպի ազգի խորք-էության ճանաչումը տանող ուղին անցնում է պատմության գլխավոր հանգրվանների վերապրման միջով։ Սակայն նշում է նաև, որ սեփական ազգի ճանաչումը, զինվոր դաստիարակելը ո´չ պատմություն է և ո´չ էլ քաղաքականություն։ Այն, հիմնվելով պատմության, ինչպես նաև մշակույթի նվաճումների վրա, նյութը բարձրացնում է մինչև պատմության փիլիսոփայության մակարդակ՝ բյուրեղացված ձևով ներկայացնելով պատմական փորձառության դասերը։ Այս գործընթացում հիմնախարիսխ դարձնելով ազգի ինքնությունը հետապնդվում է ոգու դրսևորման, մշակույթի ոճի պահպանման ոգորումների ներկայացմամբ արմատավորելու մտքի խոյանք, ռազմական քաջակորով, ինքնահաստատման կամք ձևավորելու նպատակով։ Դրանք տրվում են ցեղի արյան մաքրության պահպանման նախանձախնդիր անձանց։
Հակառակ լայն տարածում գտած թյուր պատկերացման, քրիստոնեության ընդունումով, ըստ Նժդեհի, հայի մարտնչող ոգին չտկարացավ։ Հեթանոսության բիրտ բարքերն ու մոլեգին տեսարաններն իրենց տեղը զիջեցին ավելի քաղաքակիրթ վարվելակերպին։ Միաժամանակ արժանին մատուցվեց Վահագնի ու Անահիտի պաշտամունքին։
Նժդեհը ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում գտնում է, որ պետք է ազգի ողջ պատմական փորձի վրա։ Նժդեհը կարևորում է Գողթան գավառի հեթանոսական բանահյուսության մեջ արձանացած հայի բարոյական կերպարը (Սաթենիկի առևանգման տեսարանը), քաջ թշնամու հանդեպ հարգալից վերաբերմունքը, նրա քաջ զարմիկին ոչնչացնելու կամ ստրկացնելու «անօրենությունը» և վերջապես արժանի հակառակորդի հետ հավիտենական թշնամությամբ լցվելու անթույլատրելիությունը։ «Մեր նախահայրերը պարտավորեցնում են, լսենք նրանց՝ մեզ ազգորեն ճանաչելու համար»,- պատգամում է Նժդեհը։
Լինել «խիզախ, խստաբարո և չարքաշ». սա է Նժդեհի ստեղծած ժողովրդական բանակի վարքականոնի միջուկը։ Հայաստանի ապագան տեսնելով երիտասարդության նոր ոճով դաստիարակության մեջ՝ նա իր ժամանակաշրջանի «խռովքոտ օրերի» բնույթին համահունչ «դինամիկ աշխարհըմբռնումի» պահանջն էր առաջադրում, ասել է թե՝ հավատարիմ մնալ «իր ցեղի ոգուն, իր հայրենիքի ներքին ու արտաքին պայմաններին և լինել ավելի հայ ու ավելի զորեղ»։
Գարեգին Նժդեհի աշխատանքներում առանձնահատուկ արժեք ունեն երիտասարդությանն ուղղված պատգամները: Նրա գործունեության ու նրա բազմաթիվ ուսումնասիրությունների առանցքը մշտապես եղել է հայ երիտասարդության ազգային և հայրենասիրական ոգով դաստիարակության խնդիրները: Նրան հատկապես մտահոգել է հայապահպանության, երիտասարդությանն ուծացումից փրկելու և համահայկական խնդիրների լուծման շուրջ համախմբելու հիմնախնդիրը:
Հատկապես անհրաժեշտ է ընդգծել, որ նրա աշխատանքներում հստակ ընդգծվում է հետևյալ կարևոր դրույթը. հայ սերնդի ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատևման, նրա առաջ ծառացած մարտահրավերին դիմակայելու, ինչպես նաև ազգային ախտերի բուժմանն ու համազգային նպատակաների իրականացման` միակ և արդյունավետ ճանապարհը. «…ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի»,- գրում է նա: Միաժամանակ, ապագա սերունդների համար նա մատնանշում է հետևյալ ուղին. «Հայրերի ուղիով - նշանակում է` ավելի մեծ թափով ու նվիրումով շարունակել նրանց գործը, և այդ դեպքում ոչ թե կրկնելով նրանց տկարությունները ու սխալները, այլ` սրբագրելով»:
Իսկ ինչի՞ն է նպաստում ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերը դպրոցում: Ստորև ըստ ենթակետերի ներկայացվում է ռազմահայրենասիրական դաստիարակության տեսական հիմքերի կիրառման արդյունավետությունը`
• սովորողների մոտ կատարելագործելու իրենց աշխատանքի, ազգի, նրա ավանդույթների և հաղթանակների նկատմամբ հարգանքը և հպարտության զգացմունքը,
• նպաստել հոգեպես հարուստ և սոցիալապես ակտիվ կեցվածքով հայ քաղաքացու ձևավորմանը,
• սովորողների կողմից կրճատել տարբեր օրինախախտումների և նրանց մոտ առկա վնասակար սովորույթների մակարդակը,
• պահպանել և տարածել ՀՀ պետական խորհրդանիշերի (զինանշան, դրոշ, օրհներգ) բովանդակությունն ու նշանակությունը` սկսելով այս գործընթացը տարրական դպրոցից. դպրոցի յուրաքանչյուր աշակերտ պետք է իմանա օրհներգը,
• բարձրացնելու աշակերտների` ազգային շահերի պաշտպանության ձևավորմանն նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակությունը` միաժամանակ սերմանելով հանդուրժողական և հարգալից վերաբերմունք այլ ազգերի նկատմամբ,
• նպաստել հայության ինքնության ամրապնդմանը նպաստող գործողությունների իրականացմանը,
• յուրաքանչյուր սովորողի մոտ արմատավորել սեփական ազգի պատմության ու պետության կայացման գործում իր մասնակցության կարևորությունն ու դրա իրական հնարավորությունը` «Ինձնից է կախված իմ ազգի և պետության ապագան» կարգախոսի արմատավորում,
• դպրոցում հայրենասիրական դաստիարակության համակարգի կայացմանը, դրա արդյունավետ գործունեությանն ու մշտական կատարելագործմանը:
Ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում կարևորվում է նաև մի շարք միջոցառումների կատարումը, որոնք պարտադիր պետք է համակցվեն դասընթացների իրականացման հետ, հակառակ դեպքում կատարված գործողությունները կլինեն անարդյունք: Ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում թվարկված ուղենիշային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`
• դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում,
• պարբերաբար մոնիթորինգի ենթարկել, վերլուծել և գնահատել ծրագրավորված հայրենասիրական միջոցառումների կատարման արդյունավետությունը,
• դպրոցական բոլոր հիմնական միջոցառումներն իրականացնելիս ապահովել հայկական խորհրդանիշների և հայրենասիրական գաղափարների գործածումը,
• ամփոփել և տարածել հայրենասիրական դաստիարակության ասպարեզում լավագույն մասնագետների առաջավոր մանկավարժական փորձը,
• ուսուցիչների և դպրոցի ղեկավարության կողմից մշտապես և հետևողական կերպով միջոցառումներ ձեռնարկել աշակերտական միջավայրում լայն տարածում ստացած անտարբերության, էգոիզմի, ցինիզմի և չարության դեմ,
• հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, դիսկեր, ինտերնետային կայքեր և այլն,
• դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում,
• անընդհատ հարստացնել և համալրել հայրենասիրական դաստիարակության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ մանկավարժական տեղեկատվական բանկը:
Միևնույն ժամանակ կարևորվում են ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումների, մրցույթների, հանդիպումների, զրույցների և այլ միջոցառումներ անցկացումը, ինչպիսիք են`
• «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները,
• հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները,
• դպրոցի հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալի հետ համագործակցության ձևավորումը և ըստ այդմ` միջոցառումների կազմակերպումը:
Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում դրված են նաև «Հայ զինվոր» թերթի ուսումնասիրությունները, որը առջև միայն ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնահարցերը չեն:
Թերթը հիմնադրվել է ավելի վաղ. 1992թ. օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է «Հայ զինվորի» կանոնադրությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան նույն թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է թերթը: Սկզբնական շրջանում թերթի լույսընծայումը կապված էր որոշակի դժվարությունների հետ եւ ընդհուպ 1994թ. օգոստոսը թերթը լույս էր տեսնում անկանոն: Մինչև 1994թ. հուլիս (այսինքն՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում) լույս է տեսնում շաբաթաթերթի ընդամենը 31 համար: Պաշտոնաթերթի լույսընծայումը կարգավորվում է 1994թ. օգոստոսից:
Թերթի կանոնադրության համաձայն` թերթի ստեղծման նպատակն ու հիմնական խնդիրներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելը, պետականության և ազգային գաղափարախոսության ամրապնդմանը, երիտասարդության քաղաքական ճիշտ դիրքորոշմանը և ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելը, ինչպես նաեւ ռազմաքաղաքական տեղեկատվության ոլորտում զինվորականների պահանջները բավարարելը: Կանոնադրությամբ հաստատվում է՝ «թերթում տպագրվող նյութերն ունեն պետական, քաղաքական, լրատվական բնույթ»:
Անցած ավելի քան 20 տարիների ընթացքում, կատարելով իր առջև դրված խնդիրները, թերթն անդրադարձել է հետևյալ առանցքային թեմաներին. ազգային-պետական գաղափարախոսություն եւ ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակաշինություն և բանակային առօրյա, բանակ-հասարակություն կապ և զորակոչ, Արցախյան գոյամարտի պատմություն, բանակի եւ հասարակության հիմնախնդիրներ:
Զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու նպատակով թերթն ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներին, պատմում հայ ժողովրդի հաղթանակների մասին, արմատավորում այն գիտակցությունը, որ հայը կռվող է ու հաղթող:
Պատմում է հայազգի նշանավոր զորավարների, հերոսների, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցների, հանուն հայրենիքի զոհվածների մասին եւ քաջությամբ, նպատակասլացությամբ, ազգասիրությամբ ու անձնազոհությամբ նրանց նմանվելու ձգտում առաջացնում: Ծանոթացնում է գիտության, մշակույթի ու քաղաքականության հայազգի նշանավոր գործիչների կյանքին ու գործունեությանը, հայ մշակույթի ականավոր դեմքերին, նրանց հայրենասիրական ստեղծագործություններին, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին եւ ուսմունքին, փորձում արթնացնել ազգային արժանապատվություն ու հպարտություն, առանց որի փոքր ազգերը չեն կարող պահպանել իրենց ինքնությունը: Թերթը պարբերաբար իր էջերն է տրամադրում հայ մտավորականության ներկայացուցիչներին, նրանց իմաստուն, ոգեշնչող ու հեղինակավոր խոսքով փորձում կրթել ու դաստիարակել հայրենիքի զինվորին` ընթերցողին ներկայացնելով հայ ռազմիկի ավանդական կերպարը, որին պատմականորեն բնորոշ են եղել խիզախությունը, վեհանձնությունը, ազնվությունը, մեծահոգությունը, ազգասիրությունը, պրոֆեսիոնալիզմը, զինվորական ու քաղաքացիական պարտքին հավատարմությունը եւ պատասխանատվությունը:
Թերթը ունի շեշտված ազգային-ռազմահայրենասիրական ուղղվածություն, իսկ թերթի՝ անցած տասնամյակի համարներում այդ թեմայի վերաբերյալ ի մի է բերված ահռելի ծավալով պատմական-գեղարվեստական նյութ, որի ստեղծմանը մասնակցել է ժամանակի հայ մտավորականության զգալի մասը:
Ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղված ցանկացած գործողություն կլինի անարդյունավետ այն դեպքում, երբ առկա չէ ընտանիքի մասնակցությունը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը հաջողությամբ է պսակվում, եթե ընտանիքի հետ տարվող աշխատանքը և երեխայի դաստիարակությունը կատարվում են միաժամանակ: Այսօրվա պայմաններում առանց ընտանիքի հետ ձևավորված համագործակցության առկայության հնարավոր չէ արդյունավետ կերպով կազմակերպել դեռահասի հետ աշխատանքը:
Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը նպատակ ունի`
• էլ ավելի արդյունավետ դարձնել ընտանիք-դպրոց փոխազդեցության համակարգը`
• բարձրացնելով փոխադարձ վստահության մակարդակը,
• բարձրացնել աշակերտների ուսուցման արդյունքների համար ծնողների պատասխանատվությունը,
• ծնողներին ավելի ակտիվորեն ներգրավել դպրոցի գործունեության մեջ,
• նպաստել ծնողների և ուսուցիչների խմբային աշխատանքի արդյունավետությանը:
Ընտանիք-դպրոց փոխգործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք գործողություններ, որոնք հիմնականում տարվում, են երեք ուղղությամբ`ծնողների հոգեբանամանկավարժական տեղեկացվածության բարձրացում, ռազմահայրենասիրական դաստիարկության գործընթացներին ծնողների մասնակցության ընդլայնում, դպրոցի կառավարման գործընթացներում ծնողների մասնակցության մեծացում:
Դասղեկներին հանձնարարվում է անվերապահորեն ծանոթ լինել աշակերտների ընտանիքների հետ, որտեղ փաստացի բացակայում է ընտանեկան դաստիարակությունը և տեղեկացված լինեն այն սովորողների մասին, որոնց ծնողները միայնակ են, հաշմանդամ կամ գործազուրկ, զոհվել են կամ որոնց ընտանիքները նյութապես անապահով են և ունեն կյանքի անբավարար պայմաններ, կատարելագործել ծնողների հետ աշխատանքի ավանդական դարձած մեխանիզմները և պարբերաբար կազմակերպել ծնողական ժողովներ և անհատական զրույցներ, ապահովել առարկայական ուսուցիչների և հոգեբանների կամ այլ համապատասխան մասնագետների կողմից խորհրդատվության տրամադրումը, ապահովել դասարանական և ծնողական խորհուրդների ակտիվ գործունեությունը:
Հայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, երիտասարդների, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:

Էջ - Գին - Պատվիրել