diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկա

Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկա

Քրեաբանական գրականության մեջ վերջին տարիներին առավել խորը անդրադարձ է կատարվում տարբեր հանցագործություններից տուժողների` դրանց նախազգուշացման վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի ակտիվ մասնակից դարձնելու խնդրին: Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկան սոցիալական ինստիտուտների հատուկ գործառույթ է, որը նպատակաուղղված է վերացնելու կամ չեզոքացնելու այն գործոնները, հանգամանքները, իրավիճակները, որոնք ձևավորում են վիկտիմոլոգիական վարքագիծ և հրահրում են հանցագործության կատարումը:
Իրավապահ մարմինները ուշադրությունը հիմնականում սևեռում են հանցագործության և հանցագործի շուրջ` ամբողջությամբ անուշադրության մատնելով հանցագործության զոհին: Երբևէ չեն ուսումնասիրվում տուժողների անհատական հատկանիշները, տուժողը հանցագործության կատարման փաստի արձանագրումից հետո դատավարական գործընթացում հանդես է գալիս միայն որպես հանցագործի և հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն մատուցող:
«Վիկտիմոլոգիա» և նրանից առաջացող «վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկա» տերմինների աղբյուրը լատիներեն « victima » (զոհ) և « logos » (գիտություն) բառերն են, ինչը նշանակում է գիտություն հանցագործության զոհերի մասին:
Հանցավորության դեմ պայքարի փորձը վկայում է այն փաստը, որ հանցավոր վարքագծի մեխանիզմում կարևոր են այն մարդկանց անհատական հատկանիշներն, ովքեր հետագայում դառնում են հանցագործության զոհ: Նույն փորձը վկայում է ևս մեկ փաստ. հանցագործությունը կարող է և տեղի չունենալ, այլ սկսված արդեն ավարտվել անհետևանք, եթե ենթադրյալ զոհը ցուցաբերի հեռատեսություն և պատշաճ պատասխան տա պոտենցիալ հանցագործին:
Վերոշարադրյալը արմատապես փոխում է հանցագործությունների գոյություն ունեցող կանխարգելման միջոցառումների վերաբերյալ պատկերացումները և նախադրյալներ է ստեղծում նրանցում վիկտիմոլոգիայի և վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի դերի և տեղի բարձրացման շուրջ:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի նպատակների, խնդիրների և օբյեկտների սահմանման համար անհրաժշետ է առանձնացնել ընդհանուր, հատուկ և անհատական մակարդակները:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի ընդհանուր մակարդակը նպատակաուղվված է սոցիալ-տնտեսական և մշակութա-դաստիարակչական խնդիրների լուծմանը, որոնք վերաբերում են հասարակության վիկտիմիզացիայի բարձրացմանը նպաստող գործոնների, պայմանների, հանգամանքների վերացմանը կամ չեզոքացմանը: Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի ընդհանուր մակարդակի օբյեկտը բացահայտելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հանցագործության զոհ: Այս իսկ պատճառով որպես հանցագործության օբյեկտ այս դեպքում հանդես են գալիս պոտենցիալ զոհերի կարգավիճակում գտնվող երկրի բոլոր բնակիչները:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի ընդհանուր մակարդակի հիմնական խնդիրն է համարվում ստեղծել հնարավոր վիկտիմիզացիայից բոլոր քաղաքացիների պաշտպանության արդյունավետ համակարգ, ներկայիս պրակտիկայում փոփոխել վերաբերմունքը զոհերի կամ հանցագործության այլ տուժողների հանդեպ: Սույն խնդիրների լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական դաշտի փոփոխում և կատարելագործում, պետական և ոչ պետական, սոցիալական ծառայությունների, օգնության ֆոնդերի, ռեաբիլիտացիոն նոր կենտրոնների և այլ նոր կառույցների ստեղծում, որոնց նպատակը կլինի հանցագործության զոհերի պաշտպանությունը, տվյալ աշխատանքի համար հատուկ մասնագետների պատրաստումը:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի հատուկ մակարդակը ենթադրում է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և առանձին քաղաքացիների կողմից միջոցառումների անցկացում, որոնց հատուկ նպատակն է հանցագործությունների կանխարգելումը վիկտիմոլոգիական հատկանիշների ռեալիզացիան կանխարգելելու միջոցով: Ի տարբերություն ընդհանուր մակարդակի` վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի հատուկ մակարդակի օբյեկտ ողջ բնակչությունը չի համարվում, այլ բնակչության վիկտիմոլոգիական հատկանիշների բարձր մակարդակով աչքի ընկնող առանձին խմբերը, օրինակ գործազուրկները, բնակության կոնկրետ վայր չունեցող անձինք, թմրամոլները, անբարոյականները, հարբեցողները և այլն:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի անհատական մակարդակը ենթադրում է անհատական պրոֆիլակտիկ աշխատանք այն անհատների հետ, ովքեր, դատելով իրենց պահվածքից և անհատական հատկանիշների ամբողջությունից, ամենայն հավանականությամբ կարող են դառնալ հանցագործության զոհ: Անհատական մակարդակում գործողությունները նպատակաուղղված են անձանց պաշտպանական ռեակցիայի և ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև նրանց անձնական, գույքային կամ այլ անվտանգության ապահովմանը:
Մակարդակին և օբյեկտներին համապատասխան տարբերակվում են վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի առանձին սուբյեկտներ:
Առաջին խմբի մեջ առաջին մակարդակին և օբյեկտներին համապատասխան ներառվում են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները: Սույն մարմինները առանձնացնում են պրոֆիլակտիկակական գործունեության հիմնական ուղղություններ, խնդիրներ և գործառույթներ, ապահովում են իրավախախտումների պրոֆիլակտիկային նպատակաուղղված ծրագրերի ներդրման և ռեալիզացման ֆինանսավորումը, համակարգում են այս գործընթացում իրենց ենթակա կառույցների աշխատանքը: Երկրորդ խմբի մեջ ներառվում են բոլոր մակարդակների իրավապահ մարմինները: Երրորդ խումբը կազմված է սեփականության տարբեր ձևերով ապահովված կազմակերպությունները, ձեռնարկությունները, հաստատությունները, հասարակական, միջգերատեսչական և տեղական հանձնաժողովները, ասոցիացիաները և հիմնադրամները:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի համակարգի բոլոր սուբյեկտները միավորված ընդհանուր նպատակի շուրջ, բացի այդ փոխկապակցված են տեղեկատվական, համակարգային և իրավական կապերով: Վիկտիմոլոգիական պրոֆիակտիկայի սուբյեկտների կազմում կարևոր տեղ է զբաղեցնում ոստիկանությունը, քանի որ հանցագործությունների դեմ պայքարը հանդիսանում է սւյն կառույցի ուղղակի պարտականությունը:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի արդյունավետությունը անհնար է առանց վիկտիմոլոգիական բնույթի ծավալուն տեղեկատվության վերլուծության, որը հնարավորություն է ընձեռում համակողմանիորեն դիտարկել քրեածին գործոնները: Վայրի, ժամանակի, հանցագործության կատարման միջոցների իմացությունը հնարավորություն է տալիս աչքի առաջ ունենալ պոտենցիալ հանցագործի կամ զոհի ընդհանուր նկարագիրը: Վերոնշյալների վերաբերյալ անհրաժեշտ է հավաքագրել տեղեկատվություն, ընդհանրացնել և հաշվի առնել պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպման գործընթացում:
Հավաքագրված տեղեկատվությունը, դրա ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել տիպիկ պոտենցիալ զոհերին: Անկասկած, նման անձանց բացահայտումը իրենից ներկայացնում է բարդ խնդիր, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձանց մեծամասնությունը, ովքեր արդեն իսկ տուժել են հանցավոր գործունեությունից, խուսափում են դիմել իրավապահ մարմիններին:
Պոտենցիալ զոհերի բացահայտումը կարող է իրականացվել երեք ուղղություններով`
• Իրավիճակից ելնելով, երբ բացահայտելով և վերլուծելով իրավիճակը, դուրս են գալիս այս իրավիճակում կոնկրետ խոցելի անձանց հետքի վրա,
• Հանցագործի վարքագծից և կապերից ելնելով, երբ ուսումնասիրելով հանցագործի վարքագիծը և կապերը պատկերացում է կազմվում նրա գործողություններից տուժելու ամենամեծ հավանականությունն ունեցող շրջանակի վերաբերյալ,
• Տուժողից ելնելով, երբ կոնկրետ անձի հետքի վրա դուրս գալով բացահայտվում է նրա վիկտիմոլոգիական որակների բարձր աստիճանը:
Ընդհանուր վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի կարևոր միջոցների է համարվում իրավական դաստիարակությունը: Պրակտիկան ցույց է տվել, որ հանցագործությունների որոշ տեսակներ հնարավոր են դարձել միայն տուժողների իրավական անտեղյակության հետևանքով` հատկապես անվտանգության պարտադիր ապահովման գծով:
Վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայում հնարավոր է արձանագրել դրական արդյունք այն դեպքում, երբ բացատրական աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում, հատկապես բնակչության այն շրջանում, որը առանձնանում է վիկտիմոլոգիական հատկանիշների բարձր մակարդակով: Այստեղ կարելի է օգտագործել անձանց մասին տեղեկատվություն, ովքեր արդեն իսկ իրենց անուշադրության, անհեռատեսության պատճառով դարձել են հանցագործության զոհ, ակտիվորեն օգտագործել ռադիոն, հեռուստատեսային հաղորդումները, պարբերական հրատակարությունները զոհերի անուշադրության, անհեռատեսության, դիմացինի հանդեպ չափազանց բարձր վստահություն ունենալու արդյունքում առաջացած հանցագործությունների կատարման միջոցների վերաբերյալ հասարակության լայն շերտերին ինֆորմացնելու համար: Հանդես գալով դասախոսություններով, քննարկումներով իրավապահ մարմինների աշխատակիցները հատկապես պետք է ուշադրություն դարձնեն վիկտիմային բնութագրիչներին, խորհուրդ տան լինել առավել ուշադիր, պահպանել անվտանգության նախազգուշական միջոցառումները, քննադատական վերաբերմունք ցուցաբերել սեփական և այլ անձանց կողմից կատարվող գործողությունների հանդեպ:
Անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկան բաղկացած է բարձր վիկտիմոլոգիական հատկանիշներով աչքի ընկնող անձանց բացահայտման և նրանց հետ պաշտպանա-դատիարակչական միջոցառումների անցկացման փուլերից, որոնցից վերջինս նպատակաուղղված է հանցագործության զոհ դառնալու հավանականության նվազմանը: Անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի մեթոդները և հնարքները բավականին հայտնի են: Միաժամանակ պետք է ընդգծել, որ դրանք, որպես կանոն, կիրառվում են միայն այն քաղաքացիների հետ պաշտպանողական – դաստիարակչական աշխատանքի անցկացման ժամանակ, ովքեր արդեն դարձել են հանցագործության տուժողներ: Բարձր վիկտիմոլոգիական հատկանիշներ ունեցող անձանց բացահայտման ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ չեն տարվում: Անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի նմանօրինակ միակողմանիությունը պայմանավորված է հիմնականում սույն նպատակով կիրառվող մեթոդների և այդ մեթոդները գործողության մեջ դնելու մասնագետների բացակայությամբ:
Ինչպես արդեն նշվել է հանցագործությունների ծնունդը և ընթացքի մեջ մտնելը, հատկապես խարդախությունների, գրպանահատումների, բռնաբարությունների, առողջությանը ծանր վտանգ հասցնելու, սպանությունների դեպքում, կարևոր դեր են խաղում զոհի անհատական հատկանիշները կամ նրա հրահրող վարքագիծը: Սույնի հետ կապված անհրաժեշտ է ընդգծել, որ զոհի անձնային որակները, դրսևորվելով որոշակի տարբերակված սոցիալական, բարոյական և հոգեբանական կարգով, պայմանավորում են անձի վիկտիմոլոգիական հատկանիշների բարձրացումը որոշակի իրավիճակներում:
Անհատական վիկտիմոլոգիական հատկանիշները դրսևորվում են տարբեր ձևերով: Օրինակ, խարդախության, բռնաբարության զոհ դարձած անձինք դրսևորում են սադրիչ վարքագիծ, իսկ գրպանահատումների զոհ դարձած անձինք` անուշադիր, պասիվ վարքագիծ:
Իրավիճակին տալով ռեալ գնահատական, անհրաժեշտ է ընդգծել, որ որքան էլ խորը ուսումնասիրություն կատարվի վիկտիմոլոգիական հանգամանքների և գործոնների շրջանում, ինչը հնարավորությւն կընձեռի հասնել հանցագոծությունների դեմ պայքարի կատարելագործման, որքան էլ որ բարելավվի սոցիալ-տնտեսական դրությունը երկրում և կատարելագործվի օրենսդրական դաշտը, միևնույն է հասարակության մեջ կլինեն քաղաքացիներ, ովքեր աչքի կընկնեն անուշադրությամբ և անհոգությամբ, ովքեր պատրաստ են իրենց գործողություններով հրահրել իրենց գծով կատարվող հանցագործությունը: Սակայնվերոնշյալից, բնավ չի հետևում, որ հասարակության լայն շերտերում պրոֆիլկատիկան անարդյունավետ է: Առկա հնարավորությունների սահմանափակության գիտակցումը չպետք է հանգեցնի հիասթափության կոնկրետ հանցագործությունների կանխարգելման փորձերում:
Վերոնշյալի հետ կապված կարելի է օգտագործել երկու միմյանց հետ փոխկապակցված, անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի գործողությունների շրջանակում կիրառվող ծրագրեր` ծրագրեր, որոնք նպատակաուղղված են բարձր վիկտիմոլոգիական հատկանիշներ ունեցող անձանց բացահայտմանը և ծրագրեր, որոնք նպատակաուղղված են քաղաքացիների մեջ վիկտիմոլոգիական բարձր հատկանիշների նվազմանը:
Անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի ձևերի տարբերությունը պայմանավորված է հիմնականում ժամանակի հանգամանքով, որը հնարավորություն է տալիս բացահայտել պոտենցիալ զոհի գտնվելու վայրը ժամանակի կտրվածքով մինչ նրա գծով հանցագործության կատարումը: Վերջինս կապված է կոնկրետ պրոֆիլակտիկ միջոցառումների ընտրության հետ: Օրինակ, եթե քաղաքացին հասարակական վայրում աչքի է ընկնում անհոգությամբ և անուշադրությամբ, ցուցադրում է իր դրամապանակի պարունակությունը, այդ ընթացքում չի հասցնում կառավարել իրավիճակը, այս ամենի հետ միաժամանակ, ըստ երևույթին, հրահրում է գրպանահատում, ապա անհրաժեշտ է կասեցնել նրա պարզ դրսևորվող, այսպես կոչված, վիկտիմոլոգիական պահվածքը և բացատրել նրան, որ նմանօրինակ հասարակական վայրերում և նմանօրինակ իրավիճակներում են գողությունները կատարվում: Վերոնշյալ պարբերությունում խոսքը գնում է անմիջական պրոֆիլակտիկ գործողության մասին, որտեղ ժամանակի գործակիցը զրոյացված է:
Անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկան պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն պոտենցիալ զոհերի ուղղությամբ, այլև նրանց շրջակա միջավայրի, սոցիալական կապերի, միկրոմիջավայրի ուսումնասիրության ուղղությամբ:
Անհատական վիկտիմոլոգիական պրոֆիլակտիկայի համակարգի միջոցառումները բնութագրվում են նրանով, որ դրա իրականացման ընթացքում իրականացվում է ակտիվ սուբյեկտի ներգործություն պասիվ օբյեկտի վրա, ինչի արդյունք են հանդիսանում միջանձնային հարաբերությունները, որոնց ընթացքում կողմերից մեկը ձգտում է ձևափոխել, վերափոխել մյուս կողմի վարքագիծը:
Անհատական փոխազդեցության մեթոդները ընդունված է բաժանել երկու տեսակի` համոզման մեթոդներ և օգնության մեթոդներ: Համոզման մեթոդները կրում են ոչ միայն պաշտպանողական, այլև դաստիարակչական բնույթ: Այդպիսիների թվին են դասվում զրույցները, բացատրությունները, սեփական կյանքի և առողջության կարևորության գիտակցումը: Հանցագործությունների որոշակի տեսակների կատարման համար հիմք է հանդիսանում զոհի ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը և նրան անհրաժեշտ է բացատրել ալկոհոլի բացասական ազդեցությունը: Բացի այդ անհրաժեշտ է խորհուրդ տալ անվտանգության համակարգով ապահովել բնակարանը, օգտագործել անվտանգության ապահովման այլ միջոցներ:
Օգնության մեթոդների թվին են դասվում հատուկ կոնսուլտատիվ գործողությունների կատարումը, հասարակությանը ինֆորմացնելը, սոցիալ-հոգեբանական միջոցառումների իրականացումը և այլն: Հոգեբանական միջոցառումների թվին է դասվում կազմակերպել խմբակային և անհատական կոնսուլտացիաներ հանցագործությունների պոտենցիալ տուժողների շրջանում:
Վիկտիմոլագիական հատկանիշների նվազմանկարևոր պայման է հանդիսանում պոտենցիալ տուժողների իրավական դաստիարակությունը և ուսուցումը: Օրենսդրական դաշտի իմացությունը, քաղաքացիական, օրենսդրական, տնտեսական հարաբերությունների կառավարման հնարավորություն կընձեռի խուսափել հանցագործության զոհ դառնալուց:
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն վիճակագրությունը վկայում է, որ խարդավանքի զոհ դառնալու հավանականությունն առավել մեծ է կրթված և սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող անձանց համար: Այդպիսի անձինք ճկուն միտք ունեն, հետաքրքրասեր են և հակված ինտելեկտուալ փորձարարությունների: Իսկ բավարար կրթություն չունեցողները հիմնականում կասկածամիտ են, հակված են հավատալ միայն այն խոստումներին, որոնք առարկայական ապացույցներ ունեն: Ասվածից կարելի է ենթադրել, որ որոշակի աստիճանի անգիտությունը նույնիսկ օգնում է խարդախների զոհ չդառնալուն: Իրականում խարդավանքի զոհ չդառնալու բանաձևը պարզ է. սեփական ուժերը չգերագնահատել, ամենախելոք և ամենաուժեղ չձևանալ, անծանոթների մոտ չպարծենալ սեփական արժանիքներով և հնարավորինս խուսափել կասկածելի անձնաց հետ շփումներից:
Վիկտիմոլոգների հետազոտությունների համաձայն` հանցագործության զոհ դառնալու մեծ հավանականություն ունեն մարդկանց հետեւյալ խմբերը.
• 18-25 տարեկանները,
• 50-70 տարեկանները,
• կանայք,
• պարզ խառնվածքով մարդիկ,
• ներգաղթյալները, նորաբնակները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Այժմ ներկայացնենք մասնագետների մի քանի պարզ խորհուրդներ, որոնք, կարծում ենք, կօգնեն կյանքն առավել անվտանգ դարձնելու: Այդ խորհուրդները շատերի համար նորություն չեն, և բոլորն էլ կպնդեն, թե մանկուց են տիրապետում այդ «հնարքներին», սակայն, չնայած դրան, ամեն օր կարելի է լսել այս կամ այն հանցագործության մասին, որն առաջին հայացքից պետք է, որ տեղի չունենար, բայց, ավաղ, իրականությունն այլ է: Խորհուրդ է տրվում այս խորհուրդները սովորույթ դարձնել և այդ դեպքում հաստատ հնարավոր կլինի շրջանցել բազմաթիվ անցանկալի իրավիճակներ:
- Ընտրել անվտանգ ուղի
- Անցնելիք ուղու հարցում աշխատել նախապատվությունը տալ ոչ թե առավել կարճ, այլ` անվտանգ ճանապարհին. բավարար լուսավորված և մարդաշատ փողոցներին:
- Մայթեզրով քայլելիս ընտրել երթևեկելի գոտուն մոտ հատվածը, որպեսզի հնարավոր լինի ապահովագրվել շինությունների մուտքերից հնարավոր անսպասելի հարձակումներից և, բացի այդ, վտանգի դեպքում հայտնվել երթևեկության մասնակիցների ուշադրության կենտրոնում:
- Եթե անձին ընդառաջ կասկածելի վարքագծով երիտասարդների աղմկոտ խումբ է մոտենում, ապա հնարավորության դեպքում անհրաժեշտ է փոխել ուղին:
- Նյութական արժեքները եւ փողը անհրաժեշտ է պահել տարբեր գրպաններում:
- Երթուղային տաքսիում լինել առավելագույն աչալուրջ:
- Եթե գնացքի վագոնում աղմկոտ խումբ կա, առավել հանգիստ վագոն տեղափոխվել: Եթե նման խումբ է նկատվում հասարակական տրանսպորտում, ապա սպասել հաջորդ մեքենային. նախընտրելի է ուշանալ, քան վտանգել սեփական անձը:
- Ավտոբուսներում, հատկապես գիշերային ժամերին, առավել անվտանգ են վարորդի հարևանությամբ գտնվող նստարանները:
- Զանգվածային միջոցառումների ժամանակ խուսափել կարծիք արտահայտելուց, հատկապես` եթե այն տարբերվում է հավաքվածների կարծիքից:
- Լուսանկարող կամ տեսագրող սարքերն օգտագործելուց հետո պահել պայուսակում կամ գրպանում. նույնը վերաբերում է նաև բջջային հեռախոսներին:
- Անկարգությունների ժամանակ, եթե անձը հայտնվել է դեպքերի կիզակետում և ոստիկանական ուժերի միջամտություն կա, առանց պայմանների ենթարկվել իրավապահների ցուցումներին և խուսափել հակաճառելուց կամ ինչ-որ բան բացատրելուց: Եթե նույնիսկ որևէ առնչություն անձը չունի միջոցառումների հետ, սակայն իրավապահները պահանջում են իրենց հետ ոստիկանություն գնալ, նախընտրելի է սեփական անմեղությունը ոստիկանությունում ապացուցել, քան տեղում պարզաբանել հարցերը:

Օգտագործված գրականության ցանկ

1. Бабаев М.М., Лебедев С.Я. «Криминология»: Учебник для вузов / под ред. проф. В.Д. Малкова — 27е изд., перераб. и доп. — М.: ЗАО «Юстицинформ», 2006. — 528 с.
2. «Криминология». Учебник для вузов / Под общей редакцией доктора юридических наук, профессора А. И. Долговой. – М.: Издательство НОРМА (Издательская группа НОРМА– ИНФРА • М), 2001. – 784 с.
3. Варчук Т.В., Вишневецкий К.В. «Виктимология»: учебное пособие. ЮНИТИ-ДАНА; Закон и право, 2009 г.







Էջ - Գին - Պատվիրել